Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Կբարձրացվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգի ծրագրերի հասցեականությունը


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա իրականացվող ծրագրերի հասցեականությունը մեծացնելու և դրանցից օգտվելու համար դիմելու գործընթացի պարզեցնելու նպատակով՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշման ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի` համակարգը ընդհանուր բարեփոխման շրջանակում դիտարկելու մասին հանձնարարականով:

Հիմնավորման համաձայն՝ անապահով ընտանիքներից անհրաժեշտ փաստաթղթերի ստացումը և դրանցում առկա տվյալների վերլուծությունը խնդրահարույց է: Մասնավորապես՝ ներկայումս ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների չափահաս անդամների թիվը շուրջ 220000 է: Այսինքն՝ վերջիններս ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա տրվող օգնություններից օգտվելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ, դիմում ներկայացնելու, այնուհետև տեղեկանք ստանալու համար, պետք է ներկայանան առևտրային բանկ, ինչն արդեն իսկ հանգեցրել է դժգոհությունների աճի և առևտրային բանկերում հերթերի կուտակումների:

Առավել խնդրահարույց է գյուղական բնակչության կողմից տեղեկանքների ստացումը, քանի որ վերջիններս այդ նպատակով այցելում են առևտրային բանկի գնտվելու վայրի համայնք: Ներկայացվող տեղեկանքները թղթային են և հանրապետության 55 սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հավաքված տեղեկանքներում առկա տվյալների ուսումնասիրությունը իրատեսական չէ: Բնակչության վարկային պարտավորությունների և ունեցած ավանդների վերաբերյալ տվյալների մշակումը, ուսումնասիրությունը, վերլուծությունը և դրա հիման վրա համապատասխան առաջարկի մշակման գործընթացն առավել արդյունավետ հնարավոր է իրականացնել կենտրոնացված` էլեկտրոնային տեղեկատվության հիման վրա: Ըստ այդմ՝ առկա խնդիրների լուծման համար առաջարկվում է վարկային պատմության մասին տեղեկատվությունը ստանալ կենտրոնացված ձևով` Վարկային բյուրոյից, միաժամանակ` ապահովելով քաղաքացու գրավոր համաձայնությունը նշված տեղեկատվությունը ստանալու համար` դրանով իսկ կարգավորել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա իրականացվող ծրագրերից օգտվելու համար դիմելիս անապահով ընտանիքներից հնարավորինս քիչ տեղեկանքներ ներկայացնելու գործընթացը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ