Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչներին կոչ է անում «փախեփախի» տրամաբանությունից դուրս գալ


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կարծրատիպերով չի առաջնորդվել, բայց ստիպված է եղել ընդդիմադիր պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ  առաջարկը մերժել։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Կարծրատիպերով չենք առաջնորդվել և դա սկզբունք չի եղել։ Բայց ստիպված ենք եղել ընդդիմադիր պատգամավորի առաջարկը մերժել հետևյալ հիմնավորմամբ՝ պատգամավորն առաջարկում է լրացում կատարել հետևյալ բովանդակությամբ՝ գիտական գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ԳԱԱ–ին ամրացված գույքը հասարակական կամ պետական կարիքների համար կարող է օտարվել միայն բացառիկ դեպքերում՝ օրենքով։ ՀՀ կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ ելնելով մի շարք նկատառումներից, մասնավորապես, նախագծից պարզ չէ, թե որ դեպքերն են դիտարկվում բացառիկ, որոնց առկայության պարագայում միայն օրենքով կարող է օտարվել ԳԱԱ–ին ամրացված գույքը, ինչով է պայմանավորված ԳԱԱ–ի առանձնահատկությունը գույքի օտարման կարգավորումների հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը։

Նախարարի խոսքով՝ նախագծին կից ներկայացված  հիմնավորման մեջ ներկայացված չեն առանձնահատկությունները, որոնցից ելնելով հարկ է առաջանում ԳԱԱ–ի համար բացառություններ նախատեսել գույքի օտարման կարգում: «Նշված տեղեկության բացակայությունը հնարավորություն չի տալիս լիարժեք գնահատելու ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը և հիմնավորվածությունը։ Բացի այդ, ՀՀ ԳԱԱ գիտական ու գիտատեխնիկական գործունեություն իրականացնող միակ կառույցը չէ։ Գիտական կազմակերպությունների գույքի օտարման որոշումը իրականացնում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազոր պետական մարմնի համաձայնությամբ, հետեւաբար կազմակերպության շահերը հաշվի են առնվում»,- նշեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ նախագիծը 2 տարի ուշացել է: «Ես, անկեղծ ասած, երբեմն մի փոքր զարմանում եմ այն դիսկուրսի տրամաբանության վրա, որ դեռ Հայաստանում շարունակվում է։ Ես այս նախագիծը, որ կարդում եմ, տպավորություն է, որ ինչ-որ մեկը կառավարությունից որոշել է ԳԱԱ շենքը օլիգարխի վաճառել, ընդ որում թաքուն, որ ոչ մեկ դրա մասին չիմանա, և հիմա ընդդիմությունն արագ խնդիրներ է լուծում, որ այդ շենքը պաշտպանի օտարումից։ Հարգելիներս, այդ ժամանակներն անցել են, և ես ուզում եմ մեր քաղաքական գործիչներին կոչ անել, որ փախեփախի տրամաբանությունից դուրս գանք, թե բոլորը հավաքված են ինչ-որ տեղից ինչ-որ բան գողանալու, տանելու, մսխելու։ Ես այս նախագիծն ընդհանրապես չեմ հասկանում։ Ինչո՞ւ միայն ԳԱԱ շենքը, եկեք նույն օրենքը ընդունենք կառավարության շենքի մասին, հանրապետության հրապարակի մասին, որ այն կարող է օտարվել բացառիկ դեպքերում։ Եթե այս օրենքի նախագծի անհրաժեշտությունը կար, ապա 2 տարի անցել է։ 2 տարի առաջ պիտի բերեին, որ այն որևէ բացատրություն ունենար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ