Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Հայ խոհարարների պատվիրակությունը մեդալներով է վերադարձել միջազգային մրցույթից


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ խոհարարների պատվիրակությունը օրերս վերադարձել է Դաղստանում անցկացված խոհարարական միջազգային մրցույթից՝ իր հետ բերելով 4 մեդալ՝ 1 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 18-ին պատվիրակության ներկայացուցիչներն իրենց տպավորությունները կիսեցին լրագրողների հետ:

«Մեր կազմակերպության անդամներն այս տարի մասնակցել են տարբեր միջոցառումների, միջազգային մրցույթների և հաջողություններ ունեցել: Դաղստանի մրցույթի պատվիրակության անդամներն էին  Յուրա Սարգսյանը,  Էդիկ Սիմոնյանը, Արմեն Քեֆիլյանը, Գարիկ Ղազարյանը: Ես Մախաչկալայում որպես ժյուրիի անդամ էի»,-ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նրա համոզմամբ` միջազգային մրցույթների շնորհիվ ոչ միայն ազգային ուտեստներն աշխարհում ճանաչելի դարձնելու հնարավորություն են ընձեռում, այլև  կապեր են ստեղծում  տարբեր երկրների խոհարարների, ասոցիացիաների, խոհարարական կազմակերպությունների, զբոսաշրջային տարբեր ընկերությունների հետ: «Տարբեր միջազգային հաստատությունների հետ համագործակցության արդյունքում կարողանում ենք տարածել մեր ազգային խոհանոցը»,-ընդգծեց Մամուլյանը:

Կազմակերպության խորհրդի անդամ Յուրի Սարգսյանի խոսքով` Դաղստանում անցկացված խոհարարական միջազգային մրցույթի «Ազգային ուտեստ» անվանակարգում ներկայացրել են Անի քաղցրավենիք աղանդը, դդումից աղցանը:

«Անցանք եզրափակիչ փուլ` վաստակելով երեք բրոնզե մեդալ. դա թիմային աշխատանք էր, իսկ անհատական մրցույթին մասնակցեցի ես, պատրաստեցի մեղրի, նուշի և բողկի համադրությամբ աղանդեր և արժանացա ոսկե մեդալի: Միջազգային ժյուրիի անդամների համար այդ աղանդերը համային բացահայտում էր»,-նշեց Սարգսյանը: Նա շեշտեց, որ մասնակցել են խոհարարներ 24 երկրից:

Ավելի վաղ հայ խոհարարները առաջին տեղն էին զբաղեցրել Եգիպտոսում կայացած միջազգային էքսպոյի «Լավագույն ազգային ուտեստ» անվանակարգում:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ տնօրեն Արբի Կարխանին պատմեց, որ նախապես կազմակերպիչներին տեղեկացրել են, թե ինչ բաղադրիչներ են իրենց հարկավոր: «Ավելի քան տասը երկրից ժամանած խոհարարներ 800 հոգու համար նախատեսված ուտեստներ էին պատրաստում մեկ խոհանոցում: Մատուցել ենք Անի քաղցրավենիք, գաթա, մեզ հետ լավաշ էինք տարել: Մեր «Արցախի հականի» ուտեստը առաջին տեղը գրավեց այնտեղ: Հետաքրքիր էր, քանի որ մեզ նախապես չէին ասել, որ մրցույթ է լինելու: Պարզվեց` գաղտնի ժյուրի է եղել»,-ներկայացրեց Կարխանին:

Նա հավելեց, որ ամեն տարի այդ միջոցառմանը մասնակիցների քանակն ավելանում է, իսկ միջոցառումը նպաստում է Եգիպտոսում զբոսաշրջության զարգացմանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ