1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վենետիկի 58-րդ արվեստի միջազգային բիենալեին Հայաստանը կներկայանա «Հեղափոխական սենսորիում» խորագրով նախագծով

 Վենետիկի 58-րդ արվեստի միջազգային բիենալեին Հայաստանը կներկայանա 
«Հեղափոխական սենսորիում» խորագրով նախագծով

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առավել հիշարժան դեպքերին և իրադարձություններին  վերաբերող վավերագրական նյութերի հավաքված, զտված և հետազոտված տարբերակներն ընդգրկված են «Հեղափոխական սենսորիում» անվանմամբ տեսաինստալացիայում, որը կներկայացվի Վենետիկի 58-րդ արվեստի միջազգային բիենալեում: Բիենալեն կանցկացվի այս տարվա մայիսից մինչև նոյեմբեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայաստանյան տաղավարի նախադիտումը տեղի կունենա մայիսի 9-ին Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում:

Հանրության համար ցուցահանդեսը կբացվի մայիսի 11-ին:

«Հայաստանը տարիներ շարունակ մասնակցում է Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին: ՀՀ մշակույթի նախարարի 2018 թվականի  թիվ 736 հրամանով ստեղծվեց մրցութային հանձնաժողով արվեստի 58-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետի ընտրության համար: Բիենալեին մասնակցության համար նախորդ տարվա սեպտեմբերին առաջին անգամ  նախարարությունը բաց մրցույթի արդյունքում ընտրեց համադրող Սուսաննա Գյուլամիրյանին, «ԱրտլաբԵրևան» մշակութային ՀԿ-ի արվեստագետներ Գագիկ Չարչյանին,  Վարդան Ջանոյանին, Հովհաննես Մարգարյանին, Արթուր Պետրոսյանին 2019 թվականի բիենալեում հայկական տաղավարը «Հեղափոխության սենսորիում» նախագծով ներկայացնելու համար»,- ասված էր ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի խոսքում, որը ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ընթերցեց նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը:

Նախագծի համադրող Սուսաննա Գյուլամիրյանը նշեց, որ նախագիծը բաղկացած է երեք մասից: «Առաջին մասը «Հեղափոխական սենսորիումն» է: Այն 2018 թվականի հեղափոխության նշանակալի իրադարձությունների դրվագների ներկայացումն է և ունի մի քանի թեմատիկ ուղղվածություն` հեղափոխության ստեղծագործականությունը, հեղափոխական բազմությունը, բռնության դրվագները, վերամասնակցումը: Կարևորվել են նաև դրոնային նկարահանումները, որոնք մեծ դեր են խաղացել ամբողջ հեղափոխության ընթացքում»,- ներկայացրեց նա:

Գյուլամիրյանն ասաց, որ երկրորդ հատվածում ծագումով հայ Նարինե Առաքելյանը Վենետիկի փողոցներից մեկում կամավոր հիսուն կանանց հետ հանդես կգա «շեփոր-կաթսա» կատարմամբ, որը ներկայացնում է հեղափոխության օրերին կանանց   անհնազանդությունը:

Մյուս մասը հայաստանյան  տաղավարի  համադրողի նախաձեռնած և կազմակերպած «Երկխոսություններ հեղափոխության և իշխանության մասին» խորագրով տեսագրություններն են, որոնցում կին փորձագետներ, ֆեմինիստ և քաղաքացիական ակտիվիստներ Գայանե Այվազյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Աննա Ժամկոչյանը և Աննա Նիկողոսյանը հանդես են գալիս վերլուծություններով, հեղափոխական պոեմ-մանիֆեստի ընթերցմամբ:

Վենետիկի բիենալեն ժամանակակից արվեստի աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են միայն պետական կազմակերպությունների` նախարարությունների, արվեստի խորհուրդների կողմից ներկայացված ու երաշխավորված արվեստագետները: Երկու տարին մեկ անգամ մայիսից մինչև նոյեմբեր Վենետիկի բիենալեի կազմակերպություն կոմիտեի կողմից առաջարկած Վենետիկի այգիներում և պալատներում ներկայացվում են ազգային տաղավարներ, որոնք ցուցադրում են տվյալ երկրի ժամանակակից արվեստը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]