Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

ՔԿՀ-ները բավականաչափ բեռնաթափվել են, և վարչապետը նպատակահարմար չի համարում հաստիքների ավելացումը


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մեկ շաբաթով հետաձգեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը լրացուցիչ 30 հաստիք տրամադրելու մասին որոշման նախագիծը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշեց, որ այդ անձինք կընդգրկվեն քաղաքացիական հիվանդանոցներում իրականացվող ծառայություններում: Դրանով, ըստ Զեյնալյանի, կբացառվի արգելված իրերի փոխանցման և փախուստի հնարավորությունները հիվանդանոցներից:

Նրա խոսքով, յուրաքանչյուր կալանավորի կամ դատապարտյալի քաղաքացիական հիվանդանոցում պետք է հսկի երկու ծառայող, որոնք պետք է ծառայություն իրականացնեն 2 օր հանգստից հետո: «Սակայն քանակը քիչ է և շատ հաճախ ծառայությունն իրականացնում են մեկ օր ընդմիջմամբ: Այս պահին քաղաքացիական բուժհաստատություններում 11 անձ է բուժվում, այսինքն՝ անհրաժեշտ է 66 ծառայող, սակայն այդքան ծառայող այս պահին չկա: Ուստի առաջարկում ենք թվաքանակն ավելացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ հավելելով, որ պետք է ամեն ինչ անել՝ փախուստներ թույլ չտալու համար:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ մինչև այս տարվա օգոստոս 4 հիվանդանոցում ստեղծվելու են քրեակատարողական բաժանմունքներ, ու ՔԿՀ դատապարտյալները, և կալանավորները բուժում կստանան այդ բաժանմունքներում, որտեղ հսկողությունն ավելի ուժեղ կլինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, եթե այդ ծառայությունում կա մի քանի հարյուր թափուր հաստիք, ինչո՞ւ այդ հաստիքներից 30-ը չեն վերցնում տեղափոխում այն ծառայություն, որտեղ դրա կարիքը կա, այլ լրացուցիչ 30 հաստիք են ավելացնում: «Նույն աշխատավարձն է, նույն աշխատանքն է, նույն համազգեստն է, բայց վայրն է տարբեր: Այսինքն՝ ունենք մի քանի հարյուր թափուր հաստիք, ավելացնում ենք եւս 30-ը, տրամաբանությունը չեմ հասկանում»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ հաստիքներ ավելացնելը տրամաբանական չէ նաև այն տեսանկյունից, որ վերջին շրջանում ՔԿՀ-ները բավականաչափ բեռնաթափվել են:

Արտակ Զեյնալյանն առաջարկեց մեկ շաբաթով հարցը հետաձգել, որպեսզի իրենք ավելի հիմնավոր փաստարկներ ներկայացնեն:

2018թ-ի ընթացքում քաղաքացիական հիվանդանոցներ են տեղափոխվել 2075 ազատությունից զրկված անձինք, ինչը 327-ով ավելի է 2017-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ (2017թ-ին այդ թիվը կազմել է 1748, 2016թ-ին՝ 1232, 2015թ-ին՝ 778), այն դեպքում, երբ 2017թ-ի համեմատությամբ, 2018թ-ին քրեակատարողական հիմնարկներում պահվել են միջինում 1000-ով պակաս կալանավորված անձինք և դատապարտյալներ։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ