Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում Հայաստանի առաջադրած թեկնածուն ներկայացվել է դեսպաններին

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում Հայաստանի 
առաջադրած թեկնածուն ներկայացվել է դեսպաններին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում հավատարմագրված եվրոպական տարածաշրջանի երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ապրիլի 17-ին ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում Հայաստանի առաջադրած թեկնածու Թաթուլ Հակոբյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ թեկնածուի առաջադրմանը անդրադարձել են ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մանրամասն ներկայացնելով առաջադրման հիմնավորումները և թեկնածուի մասնագիտական որակները:

Արտակ Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի գործունեությանը միջազգային կազմակերպություններում և ՀՀ կողմից տարբեր մարմիններում և պաշտոններին թեկնածությունների առաջադրման պատմությանը և գալիք ծրագրերին: Փոխնախարար Ապիտոնյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը մասնագիտացված կառույցների, մասնավորապես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:

Իր խոսքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է առողջապահության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև՝ ԱՀԿ շրջանակներում համագործակցության օրակարգին: Նախարար Թորոսյանը ներկայացրել է ՀՀ թեկնածու Թաթուլ Հակոբյանի անցած մասնագիտական երկարատև ուղին:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածու Թաթուլ Հակոբյանը ներկաներին ներկայացրել է իր տեսլականը և ծրագրերը ԱՀԿ եվրոպական գրասենյակի հետագա գործունեության և առաջարկվող փոփոխությունների ուղղությամբ: Նա պատասխանել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հետաքրքրող հարցերին:

Տեղեկանք․ Թաթուլ Հակոբյանը 2002-2010թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2011թ.-ից աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համակարգում, իսկ 2017թ.-ից հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը Սլովակիայում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]