Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արդարադատության փոխնախարարը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Արդարադատության փոխնախարարը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է 
համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 16-ին ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին և «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Արման Խաչատրյանին՝ քննարկելու «Էլեկտրոնային արդարադատության հարթակների ու պետական ծառայությունների մատուցման գրասենյակների մոնիտորինգ» ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ողջունել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը և ընդգծել, որ այս հանդիպումը լավ առիթ է ուրվագծելու հետագա փոխգործակցության ուղղությունները:

Հանդիպման ընթացքում Արման Խաչատրյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության գործարկած www.e-draft.am և www.e-request.am  հարթակների և պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների մշտադիտարկման նպատակը, արդյունքների փաստագրման եղանակները և փոխգործակցության տեսլականը:

Հանդիպմանը ներկա Էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժնի աշխատակիցներ Արևիկ Ավոյանը և համակարգչային ցանցերի ադմինիստրատոր Մերի Շերոյանը ներկայացրել են խնդիրները, դրանց լուծման ուղիները, ինչպես նաև օրենսդրական ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով հանրության իրազեկման կարևորությունը:

Շուշան Դոյդոյանն ընդգծել է «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում ԵՄ համաֆինանսավորմամբ և Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի համագործակցությամբ իրականացվող ծրագրի կարևորությունը և էլեկտրոնային գործիքների ու պետական միասնական գրասենյակների արդյունավետության գնահատման այս հնարավորությունը:

Փոխնախարար Վարդապետյանը հույս է հայտնել, որ ծրագրի արդյունքները օգտակար կլինեն պետական ծառայությունների մատուցումը բարելավելու ու զարգացնելու համար, ինչպես նաև թույլ կտան բացահայտելու արդյունավետության բարձրացման նոր հնարավորությունները:

Հանդիպման կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ծրագրի իրականացման շրջանակում հետագա աշխատանքային քննարկումների ձևաչափի և փոխգործակցության խորացման վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]