Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը տարվա ընթացքում հանդես կգա հետաքրքիր նախաձեռնություններով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը տարվա ընթացքում 
հանդես կգա հետաքրքիր նախաձեռնություններով

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը տարվա ընթացքում նախատեսում է իրականացնել միջազգային գիտաժողովներ, հրատարակել ցեղասպանագիտական հանդեսներ, անցկացնել մեթոդական սեմինարներ, ժամանակավոր և հիմնական ցուցադրություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը:

«Նպատակս է կարգավորել թանգարան-ինստիտուտի աշխատանքները և դրանց նոր լիցք հաղորդել: Իմ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում թանգարան-ինստիտուտում հիմնականում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել. հստակեցվել են բաժինների գործառույթները, ձևավորվել են նոր բաժիններ: Այսօր թանգարանում կա երեք գիտահետազոտական բաժին` հուշագրությունների, վավերագրի և մամուլի ուսումնասիրության, հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման, համեմատական ցեղասպանագիտության բաժին»,-նշեց նա:

Անդրադառնալով գիտահետազոտական աշխատանքներին՝ Մարությանն ասաց, որ ձևավորվել է նոր գիտահետազոտական խորհուրդ: Ավելի քան մեկ տարի գիտական խորհուրդը չի գործել, սակայն հիմա արդեն իսկ անցկացվել է երկու նիստ:

Խոսելով հանդեսներից` տնօրենը հիշեցրեց, որ ցեղասպանագիտական հանդես- պարբերականը, որը հրատարակվում է տարին երկու անգամ, 2018-ին լույս չէր տեսել: «Մենք մեկ էլեկտրոնային տարբերակ ենք հրատարակել նախորդ տարվա վերջին, իսկ թղթային տարբերակով՝ մի քանի շաբաթ առաջ: Այս տարի ևս երկու  ցեղասպանագիտական հանդես ենք հրատարակելու, մեկը` անգլերեն: Այդ ամսագրերը համապատասխանեցրել ենք միջազգային չափանիշներին»,- շեշտեց նա:

Թանգարանը նախատեսում է տարվա ընթացքում անցկացնել առնվազն մեկ միջազգային գիտաժողով: Այս տարվա նոյեմբերին կկազմակերպվի «Հայոց փրկության գործը Մերձավոր Արևելքում. 1915-23 թվականներ» միջազգային գիտաժողովը:

Հաջորդ տարի կանցկացվի միջազգային գիտաժողով Կանադայի մարդու իրավունքների թանգարանի և լեհական Պիլեկի ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Հարություն Մարությանը կարևորեց գիտացուցադրական աշխատանքները և նշեց, որ  նախորդ տարի եղել է հինգ ժամանակավոր ցուցադրություն: «Նախատեսում ենք ապրիլի 23-ին բացել «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագրով ցուցահանդեսը,  գիտաժողովների  դահլիճին կից նախասրահում ստեղծելու ենք մշտապես գործող փոքր պատկերասրահ, որտեղ ցուցադրելու ենք ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմի աշխատանքները, որոնք նա նվիրել է թանգարանին»,-հայտնեց տնօրենը:

 Նա տեղեկացրեց, որ նպատակ ունեն թանգարանում նոր ուղղություն` օսմանագիտություն մտցնել: «Գաղտնիք չէ, որ  ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի մեծ մասն օսմաներեն է: Հայաստանում քիչ մասնագետներ կան, որոնք կարդում են ձեռագիր օսմաներեն: Մենք փորձելու ենք մասնագետների միջոցով հասկանալ առկա արխիվային նյութերի շրջանակը, հետո ձեռնամուխ լինել դրանց թարգմանությանն ու հանրության լայն շրջանակին ներկայացնելուն»,-եզրափակեց Հարություն Մարությանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը  2017 թվականի  դեկտեմբերից ՀՀ  կառավարության որոշմամբ դարձել է հիմնադրամ: Թանգարանը կառավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որը 15 անդամ ունի: Խորհրդի նախագահն է ֆրանսահայ հայտնի պատմաբան և ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգյանը: Հոգաբարձուների խորհրդում չկան գործարարներ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամում այսօր աշխատում է 82 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]