Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Գլխավոր դատախազն անդրադարձել է Էդգար Ծատինյանի մահվան դեպքին


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը համացանցում տարածված տեղեկությունն առ այն, որ քաղաքացի Էդգար Ծատինյանը իրավապահների կողմից բռնության ենթարկվելու և գրպանում միտումնավոր դրված թմրամիջոցը կուլ տալու հետևանքով  է մահացել, և հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերն անմիջապես փոխանցել է Հատուկ քննչական ծառայություն: Ընթանում է վարույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցրեց՝ հետևողական են նման դեպքերին և տեղեկությունները հաստատվելու դեպքում առավել քան խիստ մոտեցում են ցուցաբերելու:

«Անմիջապես նույն օրը այդ դեպքով ունեցած հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերը և համացանցում առկա տեղեկությունը վերցրել և փոխանցել ենք Հատուկ քննչական ծառայությանը: Այս պահին վարույթ է իրականացվում: Վստահ եղեք, որ մենք շատ հետևողական ենք նմանատիպ դեպքերին և  եթե այդ հրապարակումներում առկա տեղեկությունները հաստատող փաստական տվյալներ ունենանք, մեր մոտեցումը շատ խիստ է լինելու»,-ասաց դատախազը:

Նա շեշտեց՝  ցանկացած իրավապահ մարմնի աշխատակից, ով այդ բնույթի արարքներ կիրականացնի, այդ պահից կդադարի իրավապահ մարմնի աշխատակից լինել: Դատախազը նկատեց՝ նման արարք գործող իրավապահը շարքային տարրական հանցագործ է և նրա նկատմամբ քրեական պատասխանատվությունն անհամեմատ ավելի մեծ է լինելու, քան ցանկացած այլ հանցագործության պարագայում:

ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում 2019թ. ապրիլի 14-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության աշխատակիցները բռնություն գործադրելով՝ որդուն՝ Երևան քաղաքի բնակիչ Էդգար Ծատինյանին, բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ նա ենթարկվել է բռնությունների, ապա քրեական պատասխանատվության չենթարկվելու վախից կուլ է տվել իր գրպանում միտումնավոր դրված թմրամիջոցը: Դրա հետևանքով նրա ինքնազգացողությունը վատացել է, ոստիկանության աշխատակիցները նրան տեղափոխել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ժամեր անց Էդգար Ծատինյանը մահացել է:  ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝  նյութերի նախապատրաստումն այնտեղ շարունակելու և հետագա ընթացքը լուծելու համար:Արդյունքում, նկատի ունենալով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ ոստիկանության՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար մի խումբ անձանց կողմից ենթադրաբար կատարված՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ, այն է՝ անձին մահ պատճառելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՀՔԾ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով և ընդունվել վարույթ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ