Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Ֆրանսիայի դեսպանության պատվիրակությանը


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ապրիլի 17-ին ընդունեց  Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեին, Տարածաշրջանային տնտեսական ծառայության ֆինանսական խորհրդական Անսելմ Էմբերին, տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին, տեխնիկական համագործակցության կցորդ Առնո Շաֆանժին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Անսելմ Էմբերը և Յուլիա Սոթիեն Հայաստան այցի շրջանակներում իրականացնելու են տնտեսական առաքելություն:

Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ իր ցավակցությունը հայտնեց հյուրերին, ֆրանսիացի ժողովրդին ու ֆրանսիական կառավարությանը ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ և հույս հայտնեց, որ տաճարը կվերագտնի իր նախկին տեսքը:

Անդրադառնալով հանդիպման հիմնական նպատակներին՝ Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչները նշեցին, որ անում են հնարավորինը Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ամուր հարաբերություններում տնտեսական բաղադրիչի զարգացման, Հայաստանում Ֆրանսիայից ներդրումներ խրախուսելու, երկրի բիզնես գրավչությունը ներկայացնելու ուղղությամբ և լիովին աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխության կայացման ընթացքին: Այս առումով ներկաները կարևորեցին հայկական սփյուռքի ներգրավվածությունն ու դերակատարությունը:

Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ Ֆրանսիայում հայերի ներկայությունը երկար պատմություն ունի, և այսօր առկա է հզոր համայնք: Սակայն ոչ միայն Ֆրանսիայում, այլևս ամբողջ աշխարհում հայկական սփյուռքը մեծ ներուժ ունի, և այժմ հայրենի կառավարության կողմից սփյուռքի հետ տարվող քաղաքականությունը հիմնարար փոփոխությունների է ենթարկվում: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը կարևորեց համահայկական բիզնես ցանցի ստեղծումը, ներդրումների, զարգացման ծրագրերի հանդեպ պրոֆեսիոնալ  մոտեցումը, սփյուռքի հետ էմոցիոնալ և ռացիոնալ դաշտերում հարաբերությունների առողջացումը, որը կբերի կայուն, բոլոր կողմերի համար փոխադարձաբար ընդունելի, արդյունավետ վիճակի:

Հանդիպման ընթացքում խոսվեց սփյուռքի պարտատոմսերի թողարկման գաղափարի, Հայաստանում ներդրումային դաշտը բարելավելու, սփյուռքի նյութական ներուժի կողքին մարդկային ռեսուսի ներգրավման, Հայաստանում գործող հիմնադրամների մասին: Ըստ Տեր Գրիգորյանի՝ այսօր այս իմաստով առկա է եզակի հնարավորություն և՛ Հայաստանի, և՛ սփյուռքի համար: Վերջինս դիտարկվում է որպես համաշխարհային ցանց, որտեղ ներառված են սփյուռքի բոլոր օղակները:

Տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին ընդգծեց, որ ֆրանսիական կառավարության ջանքերով մոտ ապագայում Փարիզի և Երևանի երիտասարդները հնարավորություն կունենան համագործակցել IT ոլորտում, մասնագիտական հանրույթների միջև ստեղծել կապեր, աշխատել միասին: Սակայն Սոթիեն նկատեց նաև՝ առկա է տեղեկատվության պակաս ներդրողների համար, և պետք է հաջողակ պատմությունները դառնան նաև խթանող գործոն:

Անդրադարձ կատարվեց  սփյուռքի նախարարության վերակազմավորմանը, նշվեց, որ վարչապետի աշխատակազմում գործելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որն ավելի շատ համակարգման գործառույթ է ունենալու մյուս 12 նախարարությունների՝ սփյուռքի գծով աշխատանքներում:

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ