Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Գլխավոր դատախազը համաներմամբ ազատ արձակվածների շրջանում կրկնահանցագործության մեկ դեպքն անգամ նորմալ չի համարում


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում համաներմամբ մի շարք անձանց ազատ արձակելուց առաջ իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ կրկնահանցագործությունները կանխելու նպատակով: Այնուամենայնիվ, դեպքեր կան։

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ազատ արձակվածների շրջանում հանցագործության անգամ մեկ դեպքը նորմալ չի համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավթյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Պետության կողմից մարդասիրական վարքագծի արդյունքում ազատված անձի կողմից կատարված հանցագործությունը, նույնիսկ մեկ դեպքը չի կարող նորմալ համարվել: Բայց պրակտիկայում տարբեր ժամանակներում համաներման ակտերի կիրառումները միշտ ունեցել են այդպիսի հետևանքներ: Դա մեզ համար կանխատեսելի է եղել»,- ասաց Դավթյանը:

Նա տեղեկացրեց, որ  մինչ համանման ակտի ընդունումն ու կիրառումը կանխարգելիչ բազում միջոցներ են ձեռնարկվել: Դատախազը նկատեց՝ միգուցե հանցագործություններն ավելի շատ լինեին, եթե նման կանխարգելիչ միջոցառումները ձեռնարկված չլինեին: «Բայց նույնիսկ մեկ դեպքը մենք չենք կարող համարել ընդունելի:  Եվ, բնականաբար, քրեաիրավական պայքարն այս ուղղությամբ առավել ակտիվացվում և ուժեղացվում է»,-եզրափակեց Դավթյանը:

 2018 թվականին Երևանի 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով համաներում էր հայտարարվել: Համաներմամբ ազատ էր արձակվել 581 անձ: Փետրվարին ոստիկանապետը հայտնել էր, որ համաներմամբ ազատ արձակված անձանցից 58-ը կրկին հանցագործություն է կատարել:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ