Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հայաստանում տրանսպորտային միասնական համակարգ ներդնելու ուղղությամբ կատարված աշխատանքները

Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հայաստանում տրանսպորտային միասնական 
համակարգ ներդնելու ուղղությամբ կատարված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հանրապետության տարածքում տրանսպորտային միասնական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարն ապրիլի 17-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, քանի որ  Հայաստանում տարիներ շարունակ տրանսպորտային ցանցը բավարար չափով չի զարգացել:

Արշակյանը ներկայացրեց, որ ստեղծվել է տվյալների բազա, որի շնորհիվ հնարավոր է տեսնել, թե Հանրապետության տարածքում տրանսպորտային ցանցը ինչպիսին է, որոնք են գործող երթուղիները,  որ ընկերություններն են սպասարկում, ինչպես նաև երևում է, թե ինչպիսի երթուղիներ են նախատեսվում նոր ցանցով: Համակարգում կանաչ գույնով մոդելավորված է ներդրվելիք նոր երթուղային ցանցը, կապույտով՝ գործող ցանցը: Հակոբ Արշակյանն Արագածոտնի մարզի օրինակով ցույց տվեց, որ նոր բազմաթիվ նոր բնակավայրեր կան, որոնք ներառվելու են նոր ցանցի մեջ:

«Հիմա ուղևորահոսքի հաշվարկների ճշգրտում է տեղի ունենում, որի արդյունքում մենք ունենալու ենք նոր ցանցի ավելի ճշգրիտ պատկեր, թե ինչ տիպի  և քանակի ուղևորատրանսպորտային փոխադրամիջոցներ են անհրաժեշտ, ինչ հաճախությամբ դրանք պետք է շարժվեն: Դրանից հետո տեղի կունենան մրցույթներ կենտրոնացված ուղևորացանցի սպասարկման համար և կգործարկվի նոր ցանցը: Այս պահին ողջ տեղեկատվությունը հավաքագրման և մշակման փուլում է»,- մանրամասնեց նա:

Նրա խոսքով՝ մայիսին պատրաստ կլինի ուղևորահոսքերի ամբողջական պատկերը, որից հետո կանցնեն մոդելավորման փուլին:

Հակոբ Արշակյանը պարզաբանեց նաև, թե ինչ է իրենից ենթադրում տրանսպորտային միասնական համակարգը: Նրա խոսքով՝ պետք է լինի միասնական տոմսային համակարգ, որպեսզի մարդը մի կետից մյուսը գնալու համար կարողանա հստակ պատկերացնել, թե որտեղ պետք է իջնի, ինչ այլ տրանսպորտ պետք է նստի և երբ պետք է տեղ հասնի: «Այսինքն, միասնական ասելով նկատի ունենք ամբողջությամբ ինտեգրված տոմսային և լոգիստիկ համակարգ: Թե ինչպես տեղի կունենա օպերատորների բաշխումը, կախված է կոնկրետ ուղղությունների եկամտաբերության աստիճանից: Այդ հաշվարկը նույնպես կատարվում է: Այսինքն, կատարվում է ուղևորափոխադրման ինքնարժեքի գնահատում, դա կապվում է սակագնի հետ և հասկանալի է դառնում՝ արդյոք այս կամ այն ուղղությունը եկամտաբեր է կամ ոչ: Հասկանալի է, որ ոչ եկամտաբեր ուղղությունները պետք է ինտեգրել եկամտաբեր ուղղությունների հետ և այդպիսով մրցույթները հայտարարել, որպեսզի հնարավոր լինի ներդրումային ծրագրերը իրականացնել: Այդ փուլին հասնելու համար դեռ շուտ է խոսել, որովհետև մենք անհրաժեշտություն ունենք հավաքել ամբողջական տվյալները հավաքել ու հասկանալ, թե որքան կլինի այս կամ այն երթուղու  ինքնարժեքը»,- պարզաբանեց Արշակյանը:

Նախարարը հավելեց, որ կոնցեպտուալ առումով պլանավորում են, որպեսզի մարզային երթուղիները հավաքվեն իրենց ամենամոտիկ շրջկենտրոնում կամ մարզկենտրոնում և այնտեղից միանան Երևանին, որպեսզի Երևան եկող և գնացող տրանսպորտային մասը բեռնաթափվի և հնարավոր լինի ճիշտ լոգիստիկա ապահովել՝ այն հասանելի դարձնելով գյուղերին: Նախարարն ընդգծեց, որ շատ գյուղական համայնքներ այս պահին կապված չեն ոչ մարզկենտրոնների, ոչ Երևանի հետ՝ պայմանավորված ոչ եկամտաբեր լինելու հանգամանքով: «Մեր առաջնահերթությունն այն է, որ այդպիսի գյուղերը նույնպես միացած լինեն տրանսպորտային ցանցին հնարավորինս շատ»,- ասաց Հակոբ Արշակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]