Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց 5 ամսով

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց 5 ամսով

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրում՝ Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստը հետաձգվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը որոշում կայացրեց հետաձգել այն 5 ամսով՝ Սիլվա Համբարձումյանի և նրա ներկայացուցչի ներկա չգտնվելու պատճառով:

Դատարանը քննության առնելով քաղաքացիական գործի քննությունը շարունակելու հարցը՝ պատասխանող Սիլվա Համբարձումյանի բացակայությամբ պայմանավորված, որոշեց, որ նա հավուր պատշաճի չի ծանուցվել, քանի որ ներկայացված հաշվառման հասցեի վերաբերյալ Ավան, Նոր Նորք, ինչպես նաև Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարների կողմից հավաստի տեղեկություններ չի տրվել նրա հաշվառման վայրի վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցեները՝ պատշաճ ծանուցելու համար:

«Դատարանը հարկ է համարում, որ գործի քննությունը պետք է հետաձգվի ողջամիտ ժամկետով և նշանակվի մեկ այլ հերթի: Ղեկավարվելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածով, որոշում եմ հետաձգել սույն գործի քննությունը մինչև 2019 թվականի սեպտեմբերի 26-ը ժամը 12:00-ն»,- նշեց դատավոր Ավետիսյանը:

Փաստաբանը նաև դիմեց դատարանին, որպեսզի մի փոքր ավելի շուտ լինի նիստը, քանի որ գործը զրպարտությանն է վերաբերում:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ