Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Ֆրանսահայ երգչուհի Հելեն Սեգարան տեսաուղերձով հայտնել է, որ անհամբեր սպասում է իր երևանյան ելույթին


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երգչուհի Հելեն Սեգարան, որը հանրության լայն շրջանակին հայտնի դարձավ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Էսմերալդային մարմնավորելուց հետո, հանդես է գալու Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգային երեկոյին; Այն տեղի կունենա մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երգչուհին տեսաուղերձի միջոցով հայտնել է, որ անհամբեր սպասում է իր երևանյան ելույթին:

«Ողջունում եմ իմ բոլոր հայ ընկերներին: Ցանկանում եմ ասել, որ շուտով գալու եմ Հայաստան, մայիսի 26-ին մեծանուն Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Մինչ հանդիպում: Ուղարկում եմ համբույրներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Սեգարան:

Հելեն Սեգարայից բացի «Քեզ համար, Հայաստան» խորագրով երեկոյին հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք:

Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Այս մասշտաբային միջոցառումն իրականացնում են «ArmCenter» ընկերությունը, «Աննա Կարոլինա պրոդաքշնը» և Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը:



Հելեն Սեգարան ծնվել է 1971 թվականին Ֆրանսիայի հարավ-արևելքի Վար բնակավայրում: Հայրը իտալացի է, մայրը` հայուհի: 15 տարեկանում թողել է ուսումը և սկսել երգել ակումբներում, ռեստորաններում: 1993-ին թողարկել է առաջին՝ «Լոին» սկավառակը, որը հաջողություն չի ունեցել: Տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է պրոդյուսեր Օրլանդո Ջիլիոտիի հետ, ով դարձել է նրա պրոդյուսերը:

 Նոր «Je vous aime adieu» սինգլը նրան հաջողություն է բերել. Սեգարան արժանացել է մի շարք մրցանակների: Այդ և մի քանի այլ երգեր տեղ են գտել նրա «Ապակե սիրտ» ձայնասկավառակում, որի երգերից մեկում հանդես է եկել Անդրեա Բոչելիի հետ: Ձայներիզը վաճառվել է ավելի քան 600 հազար օրինակով: 1997 թվականին նրան մեծ հաջողություն և փառք է բերել Էսմերալդայի դերը «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որից հետո երգել է «Անաստասիա» մուլտֆիլմի երգը: 1999 թվականին ստիպված է եղել լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորստյան պատճառով: Ձայնի վերականգնումից հետո թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ և շուրջ 25 սինգլ: Նրա երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի երաժշտական հիթ-շքերթները: Արժանացել է «Victoires de la Musique» («Տարվա արտիստ») և NRJ «Տարվա ֆրանսալեզու բացահայտում» մրցանակներին: 2006 թվականին թողարկել է «Quand l'éternité» ձայնասկավառակը, որն իր ոճով տարբերվում է մյուսներից ռոք երաժշտությամբ և երգչուհու խոսքերով: 2011-ին ձայնագրել է հայկական «Դլե յաման» երգը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ