1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախը պատրաստ է թույլատրել ձերբակալված ադրբեջանցիների հարազատների տեսակցությունը, եթե Ադրբեջանը կատարի փոխադարձ քայլը. Դավիթ Բաբայան

Արցախը պատրաստ է թույլատրել ձերբակալված ադրբեջանցիների հարազատների 
տեսակցությունը, եթե Ադրբեջանը կատարի փոխադարձ քայլը. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ  Դավիթ Բաբայանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը գնահատում է բավարար: Նա նկատում է՝ քննարկել և պայմանավորվածություն են ձեռք բերել նաև տարիներ առաջ Արցախի կողմից առաջարկված հարցերի շուրջ: Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրուցում խոսեց արտգործնախարարների հանդիպման մասին:

«Հանդիպումը գնահատում եմ բավարար: Մենք միշտ նշել ենք, որ նման հանդիպումը արժևորում ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման և բանակցության գործընթացի շարունակականության ապահովման տեսանկյունից: Այս հանդիպման պայմանավորվածությունները շատ հետաքրքիր էին: Մի շարք գաղափարներ պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ բարձրաձայնել է: Մոտ 11 տարի առաջ պաշտոնական Ստեփանակերտը փաթեթ է ներկայացրել համանախագահներին կայունության պահպանման տեսանկյունից՝ որպես կարևոր միջոցառումներ: Դրանք բարձր են գնահատվել համանախագահների կողմից, սակայն Ադրբեջանի կողմից քայլեր չեն կատարվել: Եվ շատ հետաքրքիր է ու շատ լավ է, որ հիմա այս կոնկրետ գաղափարը մտել է համանախագահների առաջարկի մեջ»,-ասաց Բաբայանը:

Նա նշեց, որ փաթեթը ենթադրում էր, որ դիպուկահարները պետք է հետ քաշվեին, տոն օրերին զերծ մնային զինադադարի ռեժիմի խախտումից, նաև առաջարկել էին մարդասիրական ոլորտում մի շարք քայլեր ձեռնարկել: Մասնավորապես, առաջարկել էին բերքահավաքի ժամանակ զերծ մնալ զինադադարի ռեժիմի խախտումից, քանի որ ադրբեջանական կողմը բերքահավաքի ժամանակ կրակ էր բացում Արցախի դաշտերի ուղղությամբ, հրդեհների պատճառ դառնում:

Անդրադառնալով փոխադարձության հիման վրա կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների տեսակցության թույլտվության պայմանավորվածությանը՝ Բաբայանը նշեց, որ Արցախը պատրաստ է,սակայն միայն եթե Ադրբեջանը կատարի փոխադարձ քայլը:

«Արցախի տարածքում կա ձերբակալված ընդամենը 2 ադրբեջանցի, երկուսն էլ ահաբեկիչներ և հանցագործներ են: Նրանք այն հանցավոր խմբի անդամներն են, ովքեր մի քանի տարի առաջ ներթափանցել են Արցախի տարածք, կատարել են սպանություններ, բռնություններ: Սակայն այդ մարդիկ հնարավորություն ունեն շփվելու իրենց բարեկամների հետ: Պարբերաբար, ինչպես կարգն է, նրանք սկայպով կամ այլ կերպ հաղորդակցվում են իրենց բարեկամների հետ: Եվ եթե Ադրբեջանը չխոչընդոտի, ու մեր հայրենակիցները հնարավորություն ունենան գնալ ու տեսնել իրենց հարազատներին, Արցախը պատրաստ է թույլատրել: Եթե փոխադարձ է, Արցախը պատրաստ է: Մենք թաքցնելու, վախենալու բան չունենք: Սա ցույց  է տալիս մեր ուժը, մեր քաղաքակրթությունը»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց՝ այն, որ Արցախը պատրաստ է նման քայլի, չի նշանակում, թե որևէ ձևով վերանայում է իր մոտեցումը և չի նշանակում, թե կասկածի տակ է  դնում իր անվտանգությունն ու ապագան:

Մոսկվայում ապրիլի 15-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]