Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բաբկեն Տեր Գրիգորյանն այցելել է Հայաստանի Մխիթարյան կենտրոն

Բաբկեն Տեր Գրիգորյանն այցելել է  Հայաստանի Մխիթարյան կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն այցելել է Հայաստանի Մխիթարյան կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեռևս անցած շաբաթ նախարարի պաշտոնակատարն ընդունել էր կենտրոնի տնօրինությանը, քննարկվել էին առկա խնդիրներն ու լուծման ճանապարհները, Տեր Գրիգորյանը կենտրոն այցելության հրավեր էր ստացել:

Ապրիլի 15-ին  նախարարի պաշտոնակատարը շրջայց է կատարել Ժառանգավորաց դպրոցում, կենտրոնի մատուռում և գրադարանում, ականատես եղել դասապրոցեսին, կարճ զրույցներ ունեցել սաների հետ, դպրոցի գրադարանին գրքեր նվիրել:

Այնուհետև դպրոցի սաները հյուրերին ներկայացրել են փոքրիկ միջոցառում, ասմունքել են, հանդես եկել պարային և դաշնամուրային կատարումներով:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նշել է. «Այն, ինչ տեսա այստեղ, ինձ շատ ուրախացրեց: Ես էլ տարիներ առաջ եղել եմ Մխիթարյան դպրոցի սան, և ոգևորիչ է, որ նույն ավանդույթները, դաստիարակությունը շարունակվում են հայրենի հողի վրա: Վստահաբար մենք մեր համագործակցությունը կշարունակենք»:

Այցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաև կենտրոնում գտնվող Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանի հետ: Զրույցը ծավալվել է միաբանության կողմից ձեռնարկված Հայոց ցեղասպանությանը նախորդած և հաջորդած ժամանակաշրջաններում ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներին առնչվող 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հրատարկության շուրջ, որն ընդգրկելու է վեց առաջատար ամերիկյան թերթերը՝ «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Christian Science Monitor», «The Los Angeles Times» և «The Washington Post»-ը: Մատենաշարի մի մասն արդեն հրատարակվել է, հատորներում ներկայացված 2666 հոդվածներում անդրադարձ է կատարվում 1894-1896 թթ․ համիդյան կոտորածներին, Ադանայի կոտորածին, Հայոց ցեղասպանությանը և այդ կոտորածների անմիջական հետևանքներին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]