Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կանխարգելել հետևանքների վերացման փոխարեն. նոր պլատֆորմ Երևանի և Տավուշի բուժհաստատությունների միջև

Կանխարգելել հետևանքների վերացման փոխարեն. նոր պլատֆորմ Երևանի և Տավուշի 
բուժհաստատությունների միջև

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշցի երևանաբնակ առաջավոր բժիշկների և բուժհաստատությունների ղեկավարների հետ կայացավ հանդիպում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա էր նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ով ընդգծեց, որ հանդիպումը միտված է լինելու ստեղծել որոշակի պլատֆորմ, որը թույլ կտա սերտացնել կապը հանրապետական նշանակության առողջապահական հիմնարկների և Տավուշի բուժհաստատությունների միջև:

«Մենք շատ մեծ մարդկային ռեսուրսի կարիք ունենք, և այս առումով պետք է աշխարհագրություն չլինի: Առողջապահության ոլորտը մեզ համար կարևոր է, քանի որ մենք սահմանամերձ գոտում ենք ապրում: Պետք է այնպես անել, որպեսզի և՛ պատերազմական, և՛ խաղաղ իրավիճակներում ունենանք համապատասխան ռեսուրսներ ժողովրդին բարձր որակի բժշկական ծառայություններ մատուցելու համար»,- ասաց Հայկ Չոբանյանը:

Նրա համոզմամբ՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև հանրային առողջապահությանը՝ կանխարգելել հետևանքների վերացման փոխարեն:

«Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը նշեց, որ տվյալ նախաձեռնության շրջանակում լինելու են տեղի բժիշկների վերապատրաստումներ, մշտական այցեր Տավուշ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզերում կադրերի խնդիր ունենք, Տավուշի մարզպետի նախաձեռնությամբ որոշում է կայացվել՝ հավաքել ծննդով տավուշցի բժիշկներին և ստեղծել մի միավորում, որը կարող է օգնել Տավուշի մարզում բժշկության զարգացմանը: Լինելու են տեղի բժիշկների վերապատրաստումներ, մշտական այցեր Տավուշ, համատեղ հետազոտություններ: Կարծում եմ, որ այդ ամենը կնպաստի բժշկական ծառայության որակի բարելավմանը»,- ասաց Ադամյանը:

Նրա խոսքով՝ այս նախաձեռնությամբ իրենք նպատակ ունեն բժշկության ոլորտում փոփոխություններ իրականացնել, այն զարգացնելու ուղղությամբ:

«Սկիզբը դրվում է Տավուշում, քանի որ այն սահմանամերձ մարզ է, և բոլորիս աջակցությունն այնտեղ անհրաժեշտ է»,- ընդգծեց «Նոր-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրենը:   

Քիթ-կոկորդ-ականջաբան, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի դոցենտ, «Արամյան» ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկայի ղեկավար Արթուր Մուրադյանը նշեց, որ մարզերում, հատկապես՝ սահմանամերձ, խնդիրները շատ են:

«Պատրաստ եմ 5-7 օրով գնալ Տավուշ հիվանդների զննելու, վերապատրաստումներ իրականացնելու համար էլ իրենց ենք հրավիրում Երևան»,- ասաց Մուրադյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]