1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նորա Արիսյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Սիրիայի պատմության դասագրքերում

Նորա Արիսյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Սիրիայի պատմության դասագրքերում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի պատկան մարմինների հետ երկարատև աշխատանքից հետո երկրի խորհրդարանի հայ պատգամավոր, ցեղասպանագետ, պատմաբան, դոկտոր Նորա Արիսյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Սիրիայի դպրոցների պատմության դասագրքերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը։

«Նորա Արիսյանը դեռևս 2017 թվականի փետրվարի 21-ին և սեպտեմբերի 20-ին Սիրիայի խորհրդարանում գումարված նիստերի ժամանակ իր ելույթներով պահանջել էր դպրոցական դասագրքերում ներառել Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործությունների հետևանքները Սիրիայում, հայերի դեմ կատարված ցեղասպանությունը, ինչպես նաև սիրիական հասարակության բազմազանությունը ներկայացնող հատվածներ:

Շարունակելով այս ուղղությամբ աշխատանքները՝ Նորա Արիսյանը նույն պահանջով դիմել էր Սիրիայի կրթության նախարարության «Ուսումնական ծրագրերի վերամշակման ազգային կենտրոն»: Մասնագետների հետ երկարատև նիստերից և քննարկումներից, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 31-ին պատմության դասագրքերի վերամշակման առիթով տեղի ունեցած հատուկ սեմինարին Հայոց ցեղասպանության թեման ներկայացնելուց հետո՝ կենտրոնը վավերացրեց 2019-2020 ուսումնական տարեշրջանի ավարտական դասարանների (բակալորիա) պատմության դասագրքերում Հայոց ցեղասպանությունը ներկայացնող թեմաներ ներառելու որոշումը:

20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացրած ոճրագործության լույսի տակ վերամշակված դասագրքի «Քաղաքական տեղաշարժեր» բաժնում հիշատակվում է տարածաշրջանի փոքրամասնությունների դեմ թուրքական «Միություն և առաջադիմություն» (Իթթիհաթ վե թերաքքի) կուսակցության վարած կամայական քաղաքականության մասին, ինչպես նաև 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունն ու հայ ժողովրդի տարագրությունը դեպի Սիրիա:

Հայոց ցեղասպանության թեման սիրիական աղբյուրների տեսանկյունից ներկայացնելու համար գրքում իբրև օրինակներ հիշատակված են սիրիացի պատմաբան Մուհամմեդ Քուրդ Ալիի վկայությունները:

«Քաղաքակրթական միասնություն» ենթագլխում ակնարկվում է նաև Սիրիայում հայերի մշակութային արժեքների պահպանման խնդրի, ինչպես նաև զանազան բնագավառներում սիրիահայերի ներդրման մասին:

Այսպիսով, Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ սիրիական դպրոցների ուսումնական ծրագրերում, բակալորիայի պատմության դասագրքերի միջոցով դասավանդվելու է Հայոց ցեղասպանության իրողությունը:

Մյուս կողմից, աննախադեպ այս քայլով վերջապես վավերական և գիտական ձևով Սիրիայում աշակերտները պատմության դասաժամին տեղեկանալու են Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին»,- նշված է հրապարակման մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]