Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Ոստիկանները բացահայտել են Վանաձորում կատարված սպանությունը


ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Թումանյանի բաժնում սպանության դեպք է գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 44-ամյա տղամարդուն ոչ միայն դանակով սպանել էին, այլև հետքերը թաքցնելու համար բենզինով այրել: Այս ամենը պարզվել է հետո: Իսկ մինչ այդ, ապրիլի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 16.30-ին, եղբայրը՝ Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ Արսեն Սարդարյանը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Սպիտակ քաղաք և չի վերադարձել: Անհետ կորածի վերաբերյալ կողմնորոշումներ ուղարկվել են ոստիկանության բոլոր ստորաբաժնումներին: 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր ու Լոռու մարզային վարչությունների, Ստեփանավանի և Թումանյանի բաժինների ծառայողները ձեռնարկել են համատեղ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հայտնի էին կորած տղամարդու արտաքին տվյալները, «Մերսեդեսի» գույնն ու համարանիշը: Համապատասխան ցուցումներ են տրվել տարածքային բաժինների քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին և համայնքային ոստիկաններին: 

Համալիր որոնողական աշխատանքների շնորհիվ ապրիլի 7-ին, Աքորի բնակավայրի սկզբնամասում իրավապահները հայտնաբերել են Սարդարյանի «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ այն վարում է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Կիրակոսյանը:

Մեքենայում կային արյան հետքեր: Սպանություն կատարելու կասկածանքնով Կիրակոսյանը «Մերսեդեսով» հանդերձ, բերման է ենթարկվել  ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ էլ խոստովանել է կատարածը: 
Ըստ նախնական տվյալների` ապրիլի 4-ին Կամո Կիրակոսյանը Երևանում նստել էր Արսեն Սարդարյանի «Մերսեդես» տաքսին և պատվիրել, որ տանի Վանաձոր: Ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձորի սկզբնամասում գումարային հարցերի շուրջ վիճել էին իրար հետ, այդ ընթացքում Կիրակոսյանը Սարդարյանի ձեռքից խլելով դանակը՝ մի քանի անգամ հարվածել էր նրա գլխին և սպանել: 

Իսկ թե ինչ էր արել մարմինը` քննչական փորձարարության ժամանակ անձամբ ցույց է տվել:
Սպանությունից հետո նա դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխել էր Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի տարածքում գտնվող «Դսևանք» կոչվող տեղանք: Գիշերով, գետի մոտ, աղբյուրից ոչ հեռու, բենզինով այրել էր, կիսայրված դիակը նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, սավանի մեջ փաթաթված, տեղափոխել Աքորի բնակավայրի «Տափի Դուզ» կոչվող տեղանք, ծածկել հողով ու չորացած տերևներով: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կամո Կիրակոսյանը ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը օբյեկտիվ և բազմակողմանի քննելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ