Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին աստղագիտության ոլորտում գերտերություն կդառնա. Արմեն Սարգսյան

Երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին աստղագիտության ոլորտում 
գերտերություն կդառնա. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին Մատենադարանում մասնակցել է «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով միջազգային կոնֆերանսի փակման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է առաջատար պետություն լինել աստղաֆիզիկայի ոլորտում: «Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում: Ես հավատում եմ դրան: Իհարկե, այս նպատակին հասնելու համար պետք է շատ աշխատենք ինչպես այստեղ՝ Հայաստանում, այնպես էլ ամրապնդենք մեր հարաբերություններն ու համագործակցությունն աշխարհի հետ»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Շարունակելով խոսքը որպես տեսաբան ֆիզիկոս՝ նախագահն ասել է, որ տեսաբան ֆիզիկոսների հանրությունը մշտապես հավատացել է սև խոռոչների գոյությանը: Ցույց տալով վերջերս հրապարակված սև խոռոչի պատկերը՝ Արմեն Սարգսյանը նշել է. «Ես մշտապես հավատացել եմ, որ մի օր մենք կտեսնենք սա: Սակայն իրականությունն այն է, որ սա հսկայական քայլ է ինչպես ընդհանուր ֆիզիկայի և տիեզերքի, այնպես էլ ինքներս մեր մասին գիտելիքների բացահայտման տեսանկյունից: Սա բացում է զարգացման նոր դռներ:

Որպես անհատ դիտելով այս նկարը՝ կարող եմ ասել՝ սա՝ այս սև խոռոչը, պարզապես հիասքանչ է: Սակայն որպես մեկը, ով իր կյանքի մի մասն անցկացրել է բիզնեսում, քաղաքականության մեջ, ունեցել է հանրային կյանք, ուզում եմ ձեր հետ կիսել իմ մի շարք դիտարկումներն այն մասին, որ սև խոռոչները միայն տիեզերքում չեն: Նրանք գոյություն ունեն հանրային կյանքում, տնտեսական վարքագծում: Երբեմն այդ խոռոչներում են անհետանում տնտեսական միջոցները և գումարները: Շատ դժվար է հասկանալ, թե դրանք որտեղ են:

Դրանք գոյություն ունեն նաև հանրային կյանքում: Որպես ֆիզիկոս ես բացահայտել եմ, որ հանրային կյանքը նույնքան բարդ է, որքան մեր տիեզերքը: Բացահայտել եմ ևս մի հետաքրքիր իրողություն, որ բնության ու ֆիզիկայի օրենքները կարող են կիրառելի լինել հանրային վարքագիծը նկարագրելու ժամանակ: Տարօրինակ է, սակայն դա աշխատում է: Ես որոշակի ժամանակ եմ անցկացրել սրա շուրջ ուսումնասիրություններ կատարելու համար»:

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ապագան ոչ միայն աստղագիտության մեջ, այլև մեր ամենօրյա կյանքում կախված է լինելու գիտության ու տեխնոլոգիաների նոր նվաճումներից: «Սա է պատճառը, որ նախագահ լինելու առաջին իսկ օրվանից ես քարոզում եմ, որ այս երկիրն ունի ներուժ՝ դառնալու աշխարհի առաջատար երկրներից մեկը: Քանի որ հավատացած եմ, որ այսօր մենք առերեսվում ենք մի աշխարհի, որտեղ 21-րդ դարի մեծագույն նվաճումները՝ լինեն դրանք տեսական ֆիզիկայում, քիմիայում, բիոլոգիայում, թե մյուս գիտական ոլորտներում, դառնում են ուսումնասիրության գործիքներ:

Քանի որ աշխարհը մուտք է գործել նոր ժամանակաշրջան, բոլորը քիչ թե շատ ունենալու են նույն հնարավորությունները: Եվ անգամ փոքր երկիրը, ինչպիսին Հայաստանն է, եթե ճիշտ կենտրոնանա և ուսումնասիրի հիմնական կարիքները, որոնք են կրթությունը, գիտական հետազոտությունները, նոր տեխնոլոգիաները, և ներգրավի աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաները, ապա մենք հնարավորություն կունենանք լինել առաջատարների շարքում: Երբեմն փոքրը ևս կարող է հիասքանչ լինել»,- ասել է Արմեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am