Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը» հնչել է բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի հոբելյանին նվիրված համերգին

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը» հնչել է բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի 
հոբելյանին նվիրված համերգին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պորտուգալահայ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակի կապակցությամբ ապրիլի 5-ին Լիսաբոնի «Ման Ռոք» եկեղեցում անցկացվել է համերգային ծրագիր, որի ընթացքում հնչել են մաեստրո Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը» և Արվո Պյարտի «Ադամի ողբը» ստեղծագործությունները:

Երեկոյին հանդես են եկել սոպրանո Սեսիլիա Ռոդրիգեսը, Արմանդո Պոսանտեն, Գյուլբենկյան երգչախումբն ու նվագախումբը` դիրիժոր Տոնու Կալյուստեի ղեկավարությամբ:

«Գիտեի, որ էստոնացի դիրիժոր  Տոնու Կալյուստեն ժամանակ առաջ Տալլինում  կատարել էր իմ «Ռեքվիեմը»: Այս համերգին առիթ եղավ լինել նրա փորձերին և միասին աշխատել: Կալյուստեն ոչ միայն հնչողական  դրամատուրգիա կառուցելու վարպետ է, այլև կարողանում է գործի դնել թե’ նվագախմբի, թե’ երգչախմբի  կարողությունները, հնչերանգները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տիգրան Մանսուրյանն ու հավելեց, որ Կալյուստեի հետ համատեղ աշխատանքն իրեն մեծ բավականություն է պատճառել:

Կոմպոզիտորի խոսքով` հաջորդ օրը տեղի ունեցած համերգին հնչել են  իր կամերային գործերը: «Կատարող երաժիշտներից կուզեի առանձնացնել Լիսաբոնում գործող «Դելալյան» տրիոյին, կլարնետահարուհի Էսթեր Ջորջիի ներշնչված կատարումները: Այդ օրերին մշտապես զգում էի  Գյուլբենկյան հաստատության աշխատակիցների նաև Լիսաբոնում  ապրող, աշխատող  հայ երաժիշտների սրտակից  վերաբերմունքն իմ և իմ  երաժշտության նկատմամբ», - նշեց Մանսուրյանը:

Արևմտյան Հայաստանում ծնված Գալուստ Գյուլբենկյանը, որը կյանքի  վերջին տարիներն անցկացրել է Պորտուգալիայում, միշտ  երազել է Հայաստան գալ և իր ամբողջ կարողությունը կտակել Հայաստանին։ Իր վերջին հանգրվանում՝ Պորտուգալիայում, նա ապրել է ընդամենը տասներեք տարի։ Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝ ինչպես նոբելյան հիմնադրամը։ Երեք հարյուր միլիոն ոսկի՝ մոտ 840 միլիոն դոլար, մնացել է Պորտուգալիայում և այնտեղից հիմնադրամը շարունակել է իր բարեգործական ծրագրերն աշխարհի տարբեր երկրներում։ Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում է Երևանի Մատենադարանին։

«Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ...»,-նշել է Գյուլբենկյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]