Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը բացարձակ եվրոպական երկիր է, եվրոպական արժեքներով. Կայացավ Փաշինյան-Յագլանդ հանդիպումը

Հայաստանը բացարձակ եվրոպական երկիր է, եվրոպական արժեքներով. Կայացավ 
Փաշինյան-Յագլանդ հանդիպումը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն ու Թորբյորն Յագլանդը հանդես եկան մամուլի ասուլիսով։ ԵԽ գլխավոր քարտուղարը, ողջունելով Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Եվրոպայի խորհրդում, նշեց, որ ՀՀ վարչապետի հետ ունեցել են շատ արդյունավետ հանդիպում։ 

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, ժողովրդավարական գործընթացներին։ 

«Անդրադարձել ենք Հայաստանում դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններին, ինչը վերջին գործողությունն էր խաղաղ հեղափոխության։ Հայաստանի վարչապետը բարեփոխումների օրակարգով է, և մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը միասին։ Ես մեկ անգամ ևս ողջունում եմ Հայաստանի վարչապետին և շնորհավորում եմ այն ամենի առթիվ, ինչին հասել եք»,- ասաց Թորբյորն Յագլանդը։

Նա ընդգծեց, որ ակնհայտ է մի բան՝ Հայաստանը բացարձակ եվրոպական երկիր է, եվրոպական արժեքներով։ 

Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ ընդգրկուն օրակարգով հանդիպում են անցկացրել։ 

«Հայաստանն իրականացրած հեղափոխությամբ ընդգծեց եվրոպական երկիր լինելու հանգամանքը։ Մեր երկրում իրականացրած հեղափոխությունն ամբողջովին տեղական գործընթաց էր, ոչ մի արտաքին ազդեցություն չկար։ Այդ հեղափոխությունը մեր ժողովրդի ցանկությունն էր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կասկած չկա մի հարցում Հայաստանի իշխանությունների օրակարգում ժողովրդավարական բարեփոխումներն են։ Վարչապետ Փաշինյանն ընդգծեց Եվրոպայի խորհրդի գործունեությունը Հայաստանում, որն իր նպաստն է բերել երկրում ժողովրդավարության զարգացմանը։ Նրա խոսքով՝ ժողովրդավարության զարգացման ճանապարհին Հայաստանը Եվրոպայի խորհրդի մեծ փորձի կարիքն ունի մի շարք ուղղություններով։ 

«Հանդիպմանը մենք նշել ենք, որ ակտիվորեն շարունակելու ենք համագործակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարությունը դարձնելով ավելի ուժեղ»,-ասաց նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]