Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր

Նաիրա Զոհրաբյանը մտահոգիչ է համարել ԵԽԽՎ լռությունն Ադրբեջանի կողմից հնչեցվող հայատյաց հայտարարությունների նկատմամբ

Նաիրա Զոհրաբյանը մտահոգիչ է համարել ԵԽԽՎ լռությունն Ադրբեջանի կողմից 
հնչեցվող հայատյաց հայտարարությունների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ապրիլի 10-ին ելույթ է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում քաղաքական առաջնորդների դերը ռասիզմի եւ անհարդուրժողականության դեմ պայքարում զեկույցի քննարկման ժամանակ:

«Երբ Ալիեւը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է եւ դուք լռում եք, Եվրոպայում ռասիզմի եւ անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաեւ դուք, եւ պատահական չէ, որ երեկ այստեղ Լեյլա  Յունուսը հայտարարեց,  որ Ալիեւին Հայաստանի  հետ խաղաղություն պետք չէ:

Քաղաքական առաջնորդների դերը անհանդուրժողականության եւ ռասիզմի  դեմ պայքարում մենք մեկ անգամ չէ, որ քննարկել ենք այս դահլիճում եւ մեկ բանաձեւ չէ, որ ընդունել ենք։  Բայց արդյո՞ք այդ քննարկումների, ընդունված բանաձեւերի եւ ԵԽ անդամ երկրների քաղաքական լիդերներին ուղղված կոչերից հետո  Եվրոպայում ռասիզմն ու անհանդուրժողականությունը պակասել է։ Արդյո՞ք մեր ընդունած բազմաթիվ բանաձեւերից հետո ԵԽ անդամ երկրների տարբեր լիդերներ, քաղաքական գործիչներ չեն շարունակում  ատելության քարոզն ու այլատյացությունը օգտագործել որպես հիմնական քաղաքական լեզու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զոհրաբյանը։

Նա համաձայնել է ավելի վաղ հնչեցված կարծիքի հետ այն մասին, թե Եվրոպայում այսօր ատելության, ռասիզմի և անհանդուրժողականության տագնապալի աճ կա, եւ ատելությունն ու այլատյացությունը որպես գործիք կիրառվում է  հատկապես քաղաքական գործիչների կողմից։

«Սակայն, հարգելի գործընկերներ, իսկ մենք մեզ երբեւէ անկեղծորեն հարց տվել ենք՝ ինչո՞ւ, օրինակ,  հենց մեր Վեհաժողովում ռասիստական եւ այլատյաց հայտարարությունների պակաս երբեւէ չկա։ Չկա, որովհետեւ բացի դեկլարատիվ հայտարարություններից ու կոչերից, մեր կառույցը որեւէ գործնական քայլ չի արել, որպեսզի, ինչպես շատ անկեղծորեն նշված է զեկույցում,  քաղաքական գործիչները կրեն ինչպես  քաղաքական, այնպես էլ բարոյական պատասխանատվություն եւ  զերծ մնան գործածելուց ատելության լեզուն:

Որովհետեւ, երբ Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարում է, որ քնած հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է,  որ իրենց թշնամին համայն հայ ժողովուրդն է եւ մեր Վեհաժողովը լռում է, ատելության ու անհանդուրժողականության  աճը սկսում է դառնալ իրապես տագնապալի։  Երբ տարիներ շարունակ ես այս ամբիոնից ներկայացնում էի ադրբեջանական դասագրքերում հայատյացության կոնկրետ օրինակներ, այս լսարանը դարձյալ լուռ էր, երբ ԵԽ-ի՝ «Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովը մտահոգություն էր հայտնում, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայատյացություն են քարոզում, մեր Վեհաժողովը այդ եւ նմանօրինակ հայտարարությունները ընդամենը ընդունում էր  ի գիտություն։

Եւ հիմա էլ, հարգելի գործընկերներ, եթե մենք կրկին ընդամենը պետք է խոսենք, բերենք այլատյացության ու անհանդուրժողականության օրինակներ, հետո մտահոգ դեմքով բանաձեւ ընդունենք եւ կրկին ոչ մի գործնական քայլ չանենք՝ Եվրոպայում եւ կոնկրետ ԵԽ անդամ որոշ երկրներում պետական մակարդակով այլատյացության  քարոզը կանխելու համար, մենք ընդամենը ավելացնելու ենք  հերթական մեռելածին բանաձեւերի թիվը»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։ 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ