Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Ձեզ պետք է մինչև վերջին մարդը ոչնչացնենք. Մարաղայի ցեղասպանությունը՝ ականատեսի վկայությամբ

Ձեզ պետք է մինչև վերջին մարդը ոչնչացնենք. Մարաղայի ցեղասպանությունը՝ 
ականատեսի վկայությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 27 տարի առաջ ադրբեջանական Զինված ուժերի և ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրել են մարդկության պատմության մեջ ամենադաժան ու անմարդկային ոճրագործություններից մեկը. 1992թ. ապրիլի 10-ին ներխուժելով Մարաղա՝ մի քանի ժամվա ընթացքում նրանք ավերել ու հրկիզել են գյուղը՝ այն հավասարեցնելով հողին, իսկ խաղաղ բնակչությանը դաժանաբար ու կտտանքների ենթարկելով սպանել, ողջակիզել և մասնատել, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ: Ողբերգությունից անմիջապես հետո գյուղ ժամանած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը Մարաղայում կոտորածն անվանել է «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի դժոխային»:

Կոտորածից հրաշքով փրկված անձանց վկայությունները կասկած չեն թողնում, որ Մարաղայում կատարվածը ցեղասպանություն էր: Ցեղասպանություն, որը մնացել է անպատիժ ու չդատապարտված:

Անմարդկային այս ոճրագործության ու դաժանությունների միջով են անցել նաև Մարաղայում ծնված ու ապրած Կարինե Պողոսյանն ու նրա ընտանիքը: Կարինեն հիշում է, որ «Սումգայիթից» հետո անընդհատ միջադեպեր էին տեղի ունենում. «Նրանք դաշտերից անասուն էին գողանում կամ մեր վարորդներին բռնում, մեքենաները ձեռքներից վերցնում: Անընդհատ լարված ենք եղել: Մեկ ասում էին հարձակվել են ֆերմայի վրա, հաջորդ անգամ՝ խաղողի այգիները մշակողների. անընդհատ հարձակումներ ու միջադեպեր էին լինում: Առաջին զոհը 1991թ. աշնանն էր. աշնանացանի ժամանակ տրակտորիստին հենց իր տրակտորի ղեկին կրակել ու սպանել են: Առաջին ռմբակոծությունը եղել է 1992թ. հունվարին, ինչից հետո բոլորը երկրորդ հարկերից իջան նկուղներում ապրելու: Ռմբակոծության ժամանակ, որպեսզի փամփուշտները չդիպչեն, թաքնվում էինք ավազի պարկերով կառուցած բարիկադներում ու գետնափոր ապաստարաններում…»,- պատմում է Կարինե Պողոսյանը:

Այդ սարսափելի օրը Կարինեին իր երկու մանկահասակ երեխաների, սկեսրայրի ու  հարևանների հետ միասին գերեվարել ու տարել են տարբեր ուղղություններով: «Այն ժամանակ տղաս 3 տարեկան էր, աղջիկս՝ 1 տարեկան 4 ամսական։ Ձեռքիցս խլեցին: Երեխաներին խլելուց հետո խելագարի նման գոռում էի: Երբ մեզ գյուղից ոտքով քաշքշելով տանում էին, իմ աչքով արդեն փողոցում տեսա խոշտանգված ու մորթված դիակներ. քանի որ մեր գյուղի ժողովուրդն էր, նույնիսկ ճանաչում էի: Մի քանի հոգու մահացած եմ տեսել…

Եթե նույնիսկ մեկը փորձում էր փախչել՝ կացիններով խփում էին, գլուխներն էին ջարդում: Դե զինված էին: Ձեռքներին ունեին կացին, մի կողմը մուրճի, մյուս կողմը՝ կացնի նման ինչ-որ սուր բանով: Դրանով անխնա խփում էին ում պատահի: Գյուղում գոռոց, աղմուկ, քաշքշուկ էր...:

Նրանք ասում էին` «ձեզ պետք է մինչև վերջին մարդը ոչնչացնենք, Ղարաբաղը մերն է, դուք պետք է ոչնչանաք, ոչ թե տեղափոխվեք. պետք է ձեզ բոլորիդ ոչնչացնենք, Ղարաբաղը մերն է և այստեղ կապրենք մենք…

Անընդհատ հայհոյում էին հայերին: Ասում էին դուք հարամ եք, դուք հայ եք, դուք կեղտոտ եք: Տհաճությամբ, վերևից ու թշնամանքով էին նայում»,– վերհիշելով Մարաղայի կոտորածը՝ պատմում է Կարինե Պողոսյանը:

Կարինեն շատ լավ է հիշում, որ տեսել է գետնին մորթված ընկած իր համագյուղացի Վալյային: Նա տեսել է նաև Վալյայի ամուսնուն, դստերը՝ արյան ծովի մեջ: «Մի քիչ վերև՝ դարպասի մոտ, մի մարդ էր մորթված, չգիտեմ ով էր, արյան շիթերը դարպասին էին… Այդ պահին այնպես անզգայացած էի, ցավ չէի զգում, ուղեղս երևի չէր էլ աշխատում: Միայն մտածում էի՝ միևնույն է սպանելու են, միայն շուտ սպանեն, ոչ մի բան չզգամ: Նույնիսկ պահ է եղել՝ հետևել եմ, որ զենք վերցնեմ, ինքս ինձ կրակեմ՝ մտածելով, որ այսպես գուցե ամեն ինչ վերջացնեմ»,- արցունքները կոկորդում խեղդելով՝ ասում է նա:

«Մեզ հետ մեր գյուղից գերեվարված շատ մարդիկ են եղել, ոչ միայն մեր բլինդաժից [գյուղացիների կառուցած գետնափոր ապաստարան], այլ նաև գյուղի տարբեր անկյուններից:  Ճանապարհին ես տեսա՝ ոնց էին սկեսրայրիս ու մեր հարևան մի ծեր կնոջ քաշքշելով տանում: Մենք մինչև գյուղամեջ միասին ենք եղել: Ինչ-որ մի տուն էր, որի նկուղային հարկի լուսամուտը գետնի երեսին էր: Նրանց հրել գցել էին փշերի ու մոլախոտերի մեջ ու ասում էին՝ «Ձեզ պետք է կրակենք: Այդ նկուղում ձեր տղերքն են: Գոռացե՛ք, թո՛ղ դուրս գան»: Ինձ քաշելով տարան, ես կրակոց լսեցի: Շրջվեցի, հետ նայեցի, նրանք գետնին ընկած էին։ Բայց հետագայում, երբ մերոնք գյուղ են մտել, այնտեղ դիակներ չեն գտել։ Չգիտեմ՝ նրանց սպանել են, թե տարել. մինչ օրս սկեսրայրիս մասին ոչ մի տեղեկություն չկա:

Տանելուց հետո՝ այդ նույն գիշերն ու հաջորդ օրը ցերեկը, բոլորին մի տեղում հավաքած էին պահում: Անընդհատ զենքը պահում էին մեզ վրա ու վախեցնում, որ մեզ կմորթեն… Հաջորդ օրն ասացին, որ իրենց զոհված տղաների թաղում է լինելու, ու մեզ բոլորիս պետք է տանեն նրանց գերեզմաններին մորթեն: Ինձ ու մեր գյուղից մի հարսի չտարան: Թե տղաներին են տարել՝ չգիտեմ»,- վերհիշում է նա:

Կարինեին ու նրա տղային փոխանակել են, իսկ դստերը չէին կարողանում գտնել: Փոխանակումից հետո դստեր նկարն ու տվյալներն են տվել և մեկ ու կես ամիս հետո պարզվել է, որ երեխան մանկատանն է: Հետագայում տարբեր դժվարություններով՝ 1 տարի 7 ամիս հետո ապացուցվել է, որ մանկատանն իսկապես Կարինեի երեխան է: 1993թ. հոկտեմբերի 23-ին փոխանակել են, երբ նա արդեն 3 տարեկան էր: «Երեխան ինձ չմոտեցավ, բնականաբար չէր ճանաչում։ Մանկատան դայակն էր բերել. երեխան նրա ձեռքից էր բռնել, չէր թողնում նրա ձեռքը: Դայակն ինձ մեղադրում էր, թե թողել եմ նրան, երևի կարծում էր՝ ես եմ հանձնել մանկատուն։ Իսկ այդ պահին ես ոչինչ չէի զգում, մտածում էի՝ ընդամենը հաշված րոպեներ են, վերցնելու եմ երեխային ու հեռանամ: Բայց երեխան չէր ուզում ինձ մոտենալ, կպած էր նրան, նույնիսկ լացեց նրա հետևից։ Երեխան ընդհանրապես չէր խոսում, իսկ մի քանի օր անց սկսեց ադրբեջաներեն բառեր ասել: Հետագայում արդեն կամաց-կամաց հարմարվեց։ Բայց վախեցած էր. հենց զինվոր կամ մեքենա էր տեսնում՝ գոռում էր»,- հիշում է Կարինեն:

Կարինե Պողոսյանն իր հետ եղած մարդկանցից ոչ մեկին հետագայում չի տեսել: «Թե իսկապես տարել են գերեզմաններում մորթել, թե գնդակահարել են, թե ինչ են արել՝ չգիտեմ։ Կին էլ կար այնտեղ, երեխա էլ, երիտասարդ տղաներ էլ»:

Կարինեն Մարաղայում կոտորածի արդյունքում կորցրել է նաև քրոջը՝ Զարինե Պողոսյանին: Պողոսյանների մայրը՝ ջարդերից հրաշքով փրկված Սվետա Պողոսյանը պատմում է, որ ապրիլի 17-ին իր ամուսինը գնացել էր Զարինեի ու նրա երեխաների փոխանակմանը: Հետդարձի ճանապարհին նրանք ականի վրա պայթել են ու վիրավորվել: Նրանց տեղափոխել են Մարտակերտի հիվանդանոց: Զարինեն ծանր վիրահատություն է տարել, ձախ ոտքի թաթը կտրել են, բայց որովայնի շրջանում ծանր վնասվածքի պատճառով մահացել է: Տիկին Սվետան պատմում է, որ Զարինեին շատ էին տանջել. «ամբողջ կուրծքը ծխախոտով այրած էր, վզի վրա դանակով երկու ծակ էին արել: Հարցրեցի՝ ո՞ւր են ականջօղերդ, ասեց խլել են ու պատռել բլթակները»,- արցունքներն աչքերին հիշում է նա:

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների իրականացրած ցեղասպանական գործողությունների արդյունքում, ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների, Մարաղայում մնացած 118 խաղաղ բնակիչներից զոհվել է ավելի քան 50-ը, ևս 50-ը՝ գերեվարվել: Նրանց մի մասը հետագայում փոխանակվել է, իսկ 19 մարաղացու ճակատագիր առայսօր մնում է անհայտ: Մինչ օրս անհայտ կորած են համարվում նաև Կարինեի և Զարինեի ամուսինները:

Կարինե ու Սվետա Պողոսյանների հետ հարցազրույցն իրականացվել է «Սովորական ցեղասպանություն. Մարաղա. 10 ապրիլի 1992» ֆիլմի նկարահանման շրջանակներում: Թեմայի վերաբերյալ փաստական տվյալներ, ականատեսների վկայություններ ու այլ տեղեկություններ կարող եք գտնել Maragha.org և Karabakhrecords.info կայքերում:

Գոհար Գրիգորյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]