Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանադահայ գործարարն այցելել է սփյուռքի նախարարություն

Կանադահայ գործարարն այցելել է սփյուռքի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ապրիլի 9-ին  ընդունել է կանադահայ գործարար, «Metrasshipping» ընկերության գործադիր տնօրեն, Հայկական առևտրային ցանցի խորհրդի անդամ և նույն կառույցի առաջին նախագահ Վահրամ Փիրջանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սփյուռքի նախարարության հետագա կառուցվածքի, ներդրումների խթանման, Հայկական առևտրային ցանցի հերթական  ֆորումի կազմակերպման հետ կապված հարցեր:

Բաբկեն Տեր Գրիգորյանը համառոտ ներկայացրել է նախարարության հետագա կարգավիճակը, անդրադարձել Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի և նրա գրասենյակի ապագա գործունեությանը: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշել է, որ սփյուռքի նախարարությունը միացման ձևով վերակազմակերպվում է՝ վարչապետի աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Բաբկեն Տեր Գրիգորյանը հավելել է, որ գրասենյակը նպատակ ունի և պատրաստ է աշխատել բոլորի հետ հավասար: «Հանձնակատարի գործառույթներից մեկն էլ մոտիկից ծանոթանալն է համայնքում առկա խնդիրներին ու փորձել աջակցել դրանց լուծմանը: Գրասենյակը կշարունակի  մնալ սփյուռքահայի տունը Հայաստանում, և կա հասցե, որը պահպանվելու է, - շեշտեց նա:

Վահրամ Փիրջանյանը կարևորել է նախարարության հետ աշխատանքի շարունակականությունը և համագործակցելու պատրաստակամությունը:

Նշենք, որ «Հայկական առեւտրային ցանց» («ՀԱՑ») հայ առեւտրաարդյունաբերական պալատների եւ գործարարների միությունների համահայկական ընկերակցությունը ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարութան նախաձեռնությամբ 2011թ. ապրիլի 30-ին` Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ կազմակերպված Հայ առեւտրաարդյունաբերական պալատների եւ գործարարների միությունների ներկայացուցիչների խորհրդաժողովի երկօրյա քննարկումների արդյունքում:

Հայկական առևտրային ցանցը սփյուռքի նախարարության հետ համատեղ գումարել է 3 ֆորում: Վերջին ֆորումին մասնակցել է 300 գործարար աշխարհի տարբեր երկրներից:

Կազմակերպությունը նպատակ ունի խթանել կապերը համահայկական բիզնես ընկերակցության ներսում: Այն ջանում է դառնալ հարթակ հայկական առևտրային և բիզնես կազմակերպությունների երկկողմ հարաբերությունների, գիտելիքների ու փորձի փոխանակման, համատեղ համագործակցային նախաձեռնությունների իրականացման համար՝ ողջ աշխարհում: Այն նաև նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]