Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ-պորտուգալական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի վարչապետի հետ

Հայ-պորտուգալական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. Արմեն 
Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 8-ին հանդիպել է Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ջերմ պատմական կապերին ու հարուստ մշակութային ժառանգությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովրդի պանծալի զավակներից մեկի՝ Գալուստ Գուլբենկյանի անունը յուրաքանչյուր հայ հպարտությամբ է հիշում։

Պորտուգալիայի վարչապետն իր հերթին ընդգծել է Գալուստ Գյուլբենկյանի գործունեության ու նրա թողած ժառանգության, Գալուստ Գյուլբենկյան բարեգործական ու գիտամշակութային հիմնադրամի դերը Պորտուգալիայի համար:

Հայաստանի նախագահը և Պորտուգալիայի վարչապետը մտքեր են փոխանակել գործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները գործակցության մեծ ներուժ ունեն կրթության և գիտության ոլորտներում՝ այդ համատեքստում առաջարկելով իրականացնել ուսանողների ու գիտնականների փոխանակման, ինչպես նաև գիտահետազոտական համատեղ ծրագրեր:

Նշելով, որ տեղյակ է Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը պատրաստակամ է կիսվել այս ոլորտում իր գիտական ներուժով ու փորձառությամբ, որը հայտնի է դեռևս խորհրդային տարիներից։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Պորտուգալիան փոխգործակցության մեծ ներուժ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների, բնական գիտությունների, արհեստական բանականության ոլորտներում։

Նախագահ Սարգսյանը հավելել է, որ հայ-պորտուգալական համագործակցության առավել արդյունավետ ոլորտներից մեկը կարող է դառնալ զբոսաշրջությունը: «Հայաստանը և Պորտուգալիան հրաշալի երկրներ են և միմյանց բացահայտելու կարիք ունեն»,- նշել է նախագահը։

Զրուցակիցները խոսել են նաև երկու երկրների միջև ուղիղ օդային կապի հաստատման հնարավորության մասին` պայմանավորվելով ուսումնասիրել հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]