Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուանդայի հետ համատեղ աշխատում ենք միջազգային մակարդակով ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ. Զոհրաբ Մնացականյան

Ռուանդայի հետ համատեղ աշխատում ենք միջազգային մակարդակով 
ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ռուանդան միասին աշխատելու հսկայական ներուժ ունեն՝ ի նպաստ մեր երկու երկրների, երկու ժողովուրդների։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ռուանդական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում  այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Մենք կիսում ենք ընդհանուր ողբերգական պատմություն և այդ կորստի, այդ հսկայական հանցագործության բեռը հաղթահարելու և վերացնելու փորձը։ Մենք Ռուանդայի հետ համատեղ աշխատում ենք միջազգային մակարդակով ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ։ Ելնելով մեր սեփական, մեր ժողովրդի փորձից՝ մենք գիտենք, որ եթե խնդրին չես անդրադառնում, եթե չես պայքարում այդ հանցագործության դեմ, ապա այն հետապնդելու է սերունդներին: Այն հետապնդում է մեր ժողովրդի սերունդներին, քանի որ ողբերգության խորությունը զազրելի է»,-ասել է նա։

Նախարարը նշել է, որ Հայաստանը և Ռուանդան լուրջ և կարևոր ներդրում են կատարում ցեղասպանությունների, զանգվածային վայրագությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում: «Մենք մտադիր ենք շարունակելու աշխատել միասին: Մենք նաև զարգացման հսկայական ներուժ և փորձ ունեցող երկրներ ենք, կարծում եմ, որ մենք այստեղ ունենք նաև ընդհանրություններ: Մենք ունենք խելացի զարգացման միջոցով մեր երկրի, ժողովրդի կարողություններն ուժեղացնելու և ընդլայնելու փորձառություն: Մենք հետևում էինք Ռուանդայում տեղի ունեցող հետաքրքիր զարգացումներին և նաև, թե դուք ինչպես էիք շեշտադրում խելացի զարգացման օրակարգը:  Ձեր երկիրը և ձեր նախագահը կանգնած են Smart Africa կենտրոնի և Աֆրիկայի խելացի զարգացման նախաձեռնության ակունքներում:  Սա անչափ մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Մենք Հայաստանում շատ մեծ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ»,-ընդգծել է նա։

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների, նորարարության, խելացի լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտում շատ մեծ ու շատ կարևոր զարգացում է գրանցում։  «Մենք շատ հետաքրքիր օրինակներ և փորձ ունենք։ Եվ դուք էլ ձեր փորձն ունեք։ Մենք պատրաստ ենք զարկ տալ երկու ժողովուրդների միջև լավ համագործակցությանը, հատկապես այս ոլորտում։ Կան տարբեր ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել և մենք պատրաստ ենք դա նույնպես կյանքի կոչել։ Իմ այցը հագեցած է կարևոր և հետաքրքիր հանդիպումներով. ես հենց նոր հանդիպում ունեցա խորհրդարանի նախագահի և նախագահի տեղակալների հետ։ Հետաքրքիր քննարկում ունեցանք և շահագրգռված ենք այցի մնացյալ հատվածով։ Իմ այցն ունենալու է նաև երկրորդ հատվածը. ծրագրի մի մասը նվիրված է մարդու իրավունքների ոլորտում մեր համագործակցության, ցեղասպանությունների կանխարգելման և զանգվածային վայրագությունների կանխարգելման շուրջ քննարկումներին,-հավելել է նա։

Զոհրաբ Մնացականյանը վստահեցրել է, որ իր  այցը կենտրոնանալու է նաև Հայաստանի և Ռուանդայի ժողովուրդների միջև համագործակցության զարգացման վրա:

«Ես այստեղ եմ եկել հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության անունից՝ մեր համերաշխությունը հայտնելու Ռուանդայի կառավարությանը և ժողովրդին՝ Ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված հիշատակման միջոցառումների անցկացման կապակցությամբ, և հենց սա է մեր այցի հիմնական նպատակը: Այցի ժամկետների ընտրության հարցում մեր ուշադրությունը կենտրոնացրել էինք հենց ապրիլի 7-ի վրա: Ահա թե ինչու եմ ես այստեղ և հուսով եմ, որ, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, մենք արդեն իսկ համատեղ աշխատելու ուղեգիծ ունենք»,-ասել է նա՝ հավելելով, որ հոկտեմբերին ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը համագործակցության համար կարևոր, շատ օգտակար հարթակ է՝ շատ ամուր ներուժով։Այն նաև  հարթակ է, որ միավորում է մեր երկու ժողովուրդներին, մեր երկրներին։

«Մենք շատ շնորհակալ ենք, որ կարողացանք աշխատել նորանշանակ գլխավոր քարտուղարի` իմ լավ բարեկամ և հրաշալի անձնավորություն տիկին Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, ում նշանակումը տեղի ունեցավ Երևանյան գագաթաժողովի ժամանակ։Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և շահագրգիռ ենք քննարկելու Ռուանդայի և Հայաստանի միջև համագործակցության ամենատարբեր հարթակները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներով։ Ֆրանկոֆոնիան հենց այդպիսի հարթակ է: Հավատացած եմ, որ Ռուանդայի և Հայաստանի անդամակցությունը բազմակողմ ինտեգրացիոն հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՏՄ-ն, Աֆրիկյան Միությունը, ևս կարող է նպաստել մեր երկրների միջև երկկողմ համագործակցության ամրապնդմանը»,-նշել է նախարարն ու ընդգծել, որ Հայաստանի և Ռուանդայի միջև առկա է հստակ ներուժ՝ համատեղ աշխատանքով հզորացնելու և զարգացնելու երկու ժողովուրդներին և բնակչությանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]