Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուանդայի ցեղասպանությունից անցել է 25 տարի. հարցազրույց ցեղասպանագետի հետ

Ռուանդայի ցեղասպանությունից անցել է 25 տարի. հարցազրույց ցեղասպանագետի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուանդայում թութսիների դեմ իրականացված ցեղասպանությունից անցել է արդեն 25 տարի: Այդուհանդերձ, մեր երկրում այս թեման դեռևս բավարար ուսումնասիրված չէ հայ գիտնականների կողմից: «Արմենպրես»-ը հարցազրույց է ունեցել Երեւանի պետական համալսարանի Ցեղասպանագիտության բաժնի վարիչ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս Սուրեն Մանուկյանի հետ:

Այսօր, ապրիլի 6-ին նշվում է Ռուանդայի ցեղասպանության 25-ամյակը: Հայաստանում այդքան էլ ծանոթ չեմ այդ ողբերգության հետ: Ի՞նչ էր այն:

Այո, ցավոք, մեր հանրության մոտ գիտելիքներն այլ ցեղասպանությունների մասին, եւ մասնավորապես Ռուանդայի ցեղասպանության մասին սահմանափակ են: Սակայն կարծում եմ, որ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ մենք պետք է շատ զգայուն լինենք այդ թեմայի նկատմամբ եւ գիտակցենք, որ ցեղասպանությունները չեն պատուհասում մեկ ժողովրդի, այլ դիպչում են մարդկությանն ընդհանրապես, յուրատեսակ խարան են մարդ արարածի անցյալի եւ, ցավոք, ներկայի վրա: Իսկ Ռուանդայի ցեղասպանությունը մարդու կողմից իրականացրած ամենազարհուրելի հանցագործություններից է:

Ինչո՞ւ են այն նշում ապրիլի 6-ին:

Այդ օրը Ռուանդայի ցեղասպանության սկիզբն է: 1994 թ. կործանվեց Ռուանդայի երկարամյա նախագան Ժուվենալ Հաբյարիմանայի ինքնաթիռը: Նա մեծամասնության՝ հութու էթնոսի ներկայացուցիչ էր: Եվ իր սպանությունը, իսկ դա սպանություն էր, քանի որ ինքնաթիռը խոցվել էր հրթիռային հարվածով մայրաքաղաք Կիգալիի օդանավակայան վայրէջք կատարելու ժամանակ, յուրօրինակ ազդանշան էր փոքրամասնության՝ թութսի էթնիկական խմբի ոչնչացումը սկսելու համար: Արդեն նույն օրը հազարավոր թութսիներ, ովքեր ապրում էին մայրաքաղաքում, դուրս բերվեցին իրենց տներից ու գնդակահարվեցին: Բանակը նաեւ սպանեց չափավոր դիրքերի վրա կանգնած վարչապետ Ագաթա Ուվիլինգիյմանային, ով դեմ էր հակաթութսիական գործողություններին: Ռազմական խունթան, գնդապետ Թեոնեստ Բագոսորայի գլխավորությամբ իր ձեռքը վերցրեց իշխանությունը:

Փաստորեն հենց թութսի փոքրամասնությունն էլ դարձավ ցեղասպանության զոհ:

Այո, նրանք կազմում էին երկրի բնակչության մոտ 20 տոկոսը, սակայն երկար ժամանակ, մինչեւ 1958 թ. երկրի իշխող վերնախավն էին: Սակայն Ռուանդայի անկախությունից հետո իշխանությունն անցավ հութուներին, ովքեր տարբեր ժամանակ իրականացրել են թութսիների ճնշումներ եւ կոտորածներ, սակայն դրանք, լինելով շատ արյունալի, չեն հասել այն չափերի ինչ կատարվեց 1994 թ. գարնան-ամառվա ամիսներին:

Որքա՞ն զոհ եղավ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ:

Սպանության չափերը սարսափելի էին: Ընդամենը 100 օրվա ընթացքում սպանվեց մոտ 800 հազար մարդ: Կոտորածը համատարած էր եւ ներառում էր ամբողջ երկիրը, բոլոր քաղաքները եւ գյուղերը: Մարդկանց սպանում էին ամենապարզ զենքով, հիմնականում գյուղատնտեսության մեջ կիրառվող, հիմնականում լայնսայր դանակներով՝ մաչեթեներով: Այս առումով կա որոշակի նմանության Հայոց ցեղասպանության հետ, որտեղ նույնպես հայերի ոչնչացումը համընդհանուր էր՝ տոտալ, եւ հիմնականում կիրառվում էր սառը զենքեր: Չէին խնայում ոչ մեկին, ուշադրություն չդարձնելով ոչ տարիքին, ոչ սեռին: Ռադիոն թութսիներին սպանելու բացահայտ քարոզ էր իրականացնում: “Թութսիների գերեզմանները կիսով չափ դատարկ են”, սա էր հիմնական կարգախոսներից մեկը, որով բնակչությանը խրախուսում էին մասնակցել զանգվածային սպանություններին:

Ինչպե՞ս ավարտվեց ցեղասպանությունը

Վտարանդի թութսիներից կազմված բանակը, որը վերահսկում էր երկրի հյուսիսային շրջանները կարողացավ գրավել մայրաքաղաք Կիգալին եւ կանգնեցնել թութսիների սպանությունները: Այդ բանակի հրամանատարն էր Փոլ Կագամեն, ով առ այսօր Ռուանդային անփոփոխ նախագահն է եւ Հայաստանում էր Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում: 

Միջազգային հանրությունն ինչպե՞ս արձագանքեց կատարվածին:

Աշխարհն անտեսեց կատարվող սասրափելի ոճիրը: Թեեւ շատ ականատեսներ, այդ թվում նաեւ Ռուանդայում տեղակայված ՄԱԿ խաղաղարար ուժերի հրամանատար կանադական գեներալ Ռոմեո Դալարյեն ահազանգում էին ընթացող բռնությունների մասին, կիրառելով հենց ցեղասպանություն եզրույթը, սակայն ՄԱԿ-ը հիմնականում զբաղված էր Հարավսլավիայի կազմալուծումով եւ դրա արդյունքում բռնկված ազգամիջյան բախումներով, որոնցից որոշները նույնպես մարդկության դեմ հանցագործությունների բնույթ ունեին: Իսկ ԱՄՆ-ն նոր էր դուրս բերել իր զորքերը Սոմալիից, որտեղ կորուստներ էր ունեցել եւ այլեւս չէր ցանկանում գնալ նման քայլի:

Ինչպիսի՞ն է Ռուանդայի ցեղասպանության ուսումնասիրվածության աստիճանը:

Այդ հիմա շատ բարձր մակարդակի վրա է: Երեւի Հոլոքոստի ուսումնասիրությունից հետո, ամենամեծ ուշադրությունն այսօր ցեղասպանագետները հատկացնում են հենց Ռուանդայի ցեղասպանությանը: Պատճառները պարզ են: Շատ քիչ ժամանակ է անցել իրադարձություններից եւ կենդանի են ականատեսները եւ վերապրածները: Ավելին, հասանելի են նաեւ ոճրագործները: Ցեղասպանությունից հետո պարզվեց, որ ոճրագործների թիվը այնքան մեծ է, որ նրանց բոլորին դատապարտելն ուղղակի անհնար է: Նախ չկա այդքան դատարան եւ դատավոր, որ հնարավոր լինի տեսանելի ապագայում ավարտել նրանց բոլորի գործերի քննությունը, եւ բացի այդ չկա այդքան քրեակատարողական հիմնարկ, նրանց բոլորին տեղավորելու համար: Եվ բացի այդ, մասնակցության աստիճանն այնքան մեծ էր, որ արդար քննության դեպքում, երկրի բնակչության մեծ մասը պետք է կանգներ դատարանի առջեւ: Դրա համար նույնիսկ շատ ոճրագործներ պայմանական պատիժներ են ստացել եւ հասանելի են հետազոտողների համար: Շատեր ցեղասպանագետներ գնում են Ռուանդա, հենց տեղում հետազոտություն իրականացնելու համար:

Հայաստանում մինչեւ այսօր ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ ցավոք չի կատարվել, սակայն կան երիտասարդ հետազոտողներ, ովքեր հետաքրքրված են թեմայով, եւ նույնիսկ, որքան ինձ հայտնի է ընթացքում է մեկ թեկնածուական ատենախոսություն այդ թեմայով: Ռուանդայի հետ գիտական կապերի հաստատումը, գոնե այս ոլորտում, շատ կարեւոր է մեր համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]