Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում ցուցադրվում են 16-18-րդ դարերի իտալացի նշանավոր վարպետների գեղանկարներն ու գծանկարները

Երևանում ցուցադրվում են 16-18-րդ դարերի իտալացի նշանավոր վարպետների 
գեղանկարներն ու գծանկարները

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 16-18-րդ դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները, որոնք բերվել են Տրիեստ քաղաքի Հին արվեստի ազգային պատկերասրահից, ցուցադրվում են Երևանում: 

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Գույնի ձևը. վերածննդից ռոկոկո» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խորին երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին երկու պետությունների և ժողովուրդների մշակութային երկխոսությանը նպաստելու համար: Այս ցուցահանդեսը եզակի մշակութային  իրադարձություն չէ. սրանով դեսպանատունը շարունակում է իտալական մշակույթը  զանազան ձևաչափերում Հայաստանի հանրությանը ներկայացնելու տարիներ ի վեր չդադարող ավանդույթը: Ուստի, ի դեմս Վինչենցո դել Մոնակոյի, ողջունում եմ նաև Հայաստանում Իտալիայի դեսպանի պաշտոնում նրա նախորդների երախտավոր  ջանքը»,-նշեց վարչապետը:

Նա շեշտեց, որ աշխարհի հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող  հայ և իտալացի ժողովուրդների պետական հարաբերությունների, բարեկամության ու մշակութային փոխազդեցությունների պատմությունը հարուստ է ու դարերի խորքը գնացող: «Արդի մշակութային արեալում այսօրինակ ու համանման փոխադարձ շփումներից զատ մեր երկու երկրներն աշխուժորեն համագործակցում են նաև մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում: Նույն   հոգևոր արմատից սնուցվող, արժեհամակարգային ընդհանրություններով տոգորված՝ Կիլիկիան Հայաստանից մինչև Վենետիկ, մինչև Սուրբ  Ղազար կղզի աշխարհիկ ու հոգևոր դասի բազմաթիվ նվիրական  անուններ լայն իմաստով մշակութապես վեհացրել են հայ-իտալական հարաբերություններն այնքան հիմնավոր ու անտարակուսելի, որ այսօր այստեղ հավաքվածներիս թիկունքը զգալիորեն պինդ է և հուսալի»,-ընդգծեց Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին:

«Սա մեծ մշակութային նախաձեռնություն է, որը համահունչ է Հայաստանի Հանրապետության և ՀՀ-ում Իտալիայի դեսպանության կարևորագույն նպատակակետերին և թիրախներին:  Ներկայացված ցուցանմուշների ընտրությունը նպատակային է արված: Ցուցադրված են գեղանկարներ, որոնք արվել են Հյուսիսային Իտալիայի տարբեր դպրոցների ներկայացուցիչների կողմից»,-ասաց  ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:

Նա վստահեցրեց, որ գարնան ավարտին և ամռանը շարունակվելու են համատեղ մշակութային նախաձեռնությունները, քանի որ Իտալիան և Հայաստանը հավատում են, որ արվեստը փառահեղ անցյալի տոնակատարությունն ու ցնցումը չէ, այլ ապագայի խորհրդանշումն ու իրականացումը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի խոսքով` ժամանակավոր ցուցադրությունները լավագույն տարբերակն են թանգարանները ակտիվացնելու համար, և մշակույթների համագործակցությունն է նպաստում տարբեր մշակույթների զարգացմանը:

Ցուցահանդեսի կուրատոր Դոմինիկ Լորան ասաց, որ հույս ունի՝ ցուցահանդեսով նոր պատմություն պատմել, հանդես գալ նոր խոսքով և ցույց տալ, թե ինչն է կապում իտալացի և հայ ժողովուրդներին:

Ցուցադրությունը ներառում է ինչպես  Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչների, այնպես էլ եվրոպական արվեստի հետագա փուլերի արվեստագետների աշխատանքները՝ 55 գեղանկար ու գծանկար: Կանալետտոյի, Տինտորետտոյի, Ռուբենսի, Պիետրո դա Կորտոնայի, Բեռնարդո Ստրոցցիի, Սոդոմայի, Ֆրանչեսկո Մաֆֆեիի, Գվերչինոյի, Բեռնինիի, Բատոնիի  մեծարժեք գործերը հնարավորություն են տալիս դիտողին ավելի լայն պատկերացում կազմել տարբեր դարաշրջանների իտալական գեղանկարի հարստության ու բազմազանության մասին: 

Ցուցադրվող մի շարք ստեղծագործություններ նվիրված են իտալական արվեստի ամենասիրված թեմաներից մեկին՝ Աստվածամոր պատկերին: Ֆրանչեսկո Կապելլան, Նիկոլա Գրասսին, Բարտոլոմեո Ռամենգին ստեղծել են կտավներ, որոնք արտացոլում են ժամանակի միտումներն ու ճաշակը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 16-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]