Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լուսիկ Ագուլեցու բնակարանը կվերածվի տուն-թանգարանի

Լուսիկ Ագուլեցու բնակարանը կվերածվի տուն-թանգարանի

 ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տունը, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին, նրա ընտանիքի անդամների նախաձեռնությամբ և «Ագուլեցի» հիմնադրամի աջակցությամբ կդառնա տուն-թանգարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին:

«Ներկայացվելու է այն ամենը, ինչ ստեղծել և հավաքել է Լուսիկ Ագուլեցին իր ստեղծագործական կյանքի ընթացքում: Ցուցադրվելու են նրա  կտավները, Ագուլեցու տարազները, արծաթյա իրերը, ամուսնու` քանդակագործ Յուրի Սամվելյանի աշխատանքները և այլ ցուցանմուշներ»,- մեզ հետ զրույցում պատմեց տուն-թանգարանի արտ-տնօրեն Նարինե Մադունցը:

Նրա խոսքով` տուն-թանգարանին կից բացվելու է արտ-սրճարան, որտեղ կներկայացվի հայկական մշակույթի կարևոր մաս կազմող խոհանոցն իր ամբողջ հարստությամբ ու բազմազանությամբ: «Մենք չենք ցանկանում, որ սրճարանը պարզապես սնվելու վայր դառնա.  մշակութային մթնոլորտ ենք ստեղծելու, որտեղ  կարող են լավ ժամանակ անցկացնել  ինչպես երիտասարդները, այնպես էլ միջին և ավագ սերունդների ներկայացուցիչները»,- շեշտեց նա:

Մադունցն ընդգծեց, որ տուն-թանգարանի հանդեպ հետաքրքրությունը մշտապես պահելու նպատակով թանգարանում և բակի սրճարանում ժողովրդական համերգներ, նկարչության, պարի և այլ վարպետության դասեր կկազմակերպեն:  Միջոցառումները կլինեն բազմազան ու հագեցած: Կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ:

Արտ-տնօրենը խոստովանեց, որ մեծ պատասխանատվություն են կրում Ագուլեցու և հայ ժողովրդի առաջ, քանի որ Ագուլեցին բոլոր ցուցանմուշները հավաքել էր, ստեղծել էր մշակութային արժեքներ սերունդներին փոխանցելու համար:  «Մենք  իրավունք չունենք այդ ամենը չցուցադրել»,-եզրափակեց Մադունցը:

Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականի մայիսի 31-ին Նախիջևանի Ագուլիս քաղաքում: 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան։ Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Ուսումնառության տարիներին արժանացել է  «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակին։ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։

Նա կյանքից հեռացել է 2018 թվականի հուլիսի 13-ին:

«Նկարչությունն ինձ օգնեց ծավալվելու մշակույթի տարբեր ճյուղերում, տեսնելու, ընկալելու և գնահատելու այն արժեքները, որոնք ստեղծել է մեր ժողովուրդը, ուստի ուսումնասիրում եմ ժողովրդական մշակույթը, հատկապես ազգային տոները, ծեսերը, տարազները»,-ասել է Լուսիկ Ագուլեցին:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]