Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովի մասնակիցները քննարկել են նախաձեռնության գործունեության ուղղությունները


ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան գործընկերության նպատակներից մեկն է կայուն հարաբերություններ ստեղծել Եվրոպական Միության արևելյան սահմանի երկայնքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում ասաց Հայաստանում Ռումինիայի դեսպանի պաշտոնակատար Նուրի Մարին Դրագիչը:

«Ռումինիան սատարում է ավելի ամուր Արևելյան գործընկերության գաղափարին քաղաքական ճարտարապետության, տեխնիկական ու ֆինանսական համապատասխան գործիքներ մշակելով, որոնք կանդրադառնան մեր գործընկերների անհատական կարիքներին ու հավակնություններին: Մենք ուզում ենք ավելի տոկուն հարաբերություն ստեղծել ԵՄ արևելյան սահմանի երկայնքով: Արևելյան գործընկերությունը պետք է գործընկերություն լինի հանուն ավելի ուժեղ տնտեսության, փոխկապակցվածության, հասարակության և արևելյան գործընկերության տարածաշրջանում ավելի ուժեղ կառավարման»,- ասաց Մարին Դրագիչը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ համաժողովը լավ հնարավորություն է լսելու հայերի կարծիքն այն մասին, թե ինչ ուղղությամբ են ուզում տանել Արևելյան գործընկերությունը:

«Արևելյան գործընկերությունը, որը մեկնարկեց 2009 թ., շատ կարևոր մեխանիզմ էր այս երկրները ԵՄ-ի հետ մերձեցնելու համար»,- նշեց Սվիտալսկին:

Հայկական կողմի տեսակետը ներկայացնող ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպական վարչության ղեկավար Տիգրան Սամվելյանը նշեց, որ Արևելյան գործընկերության անդամ երկրներից յուրաքանչյուրը պետք է սեփականության շատ հստակ զգացում ունենա:

«Հնչում են կարծիքներ առ այն, որ Արևելյան գործընկերության ձևաչափը հնացել է: ԱլԳ 6 երկրներից յուրաքանչյուրը պետք է ունենա հստակ սեփականության զգացում: Դա այն մոտեցումն է, որ որդեգրել է Հայաստանը: Իր գոյության առաջին տասնամյակի ընթացքում արևելյան գործընկերությունը ենթարկվել է խոշոր փոփոխությունների` համապատասխանեցվելով տարածաշրջանում ձևավորվող նոր իրականությանը: Այդ փոխակերպումներից մեկն արևելյան գործընկերության վերանայված կառուցվածքի պաշտոնական գործարկումն էր: Նոր ինստիտուցիոնալ կառուցվածքը նպատակաուղղված է արևելյան գործընկերությունը վերածել շոշափելի արդյունքների գրանցմանը միտված ԵՄ և գործընկեր պետությունների միջև ավելի համակարգային և տեսանելի համագործակցությունն ապահովող ձևաչափին»,- նշեց Տիգրան Սամվելյանը:

Արևելյան գործընկերության անդամ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ