Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին ընդառաջ տեղի ունեցավ մանկապատանեկան ցերեկույթ

Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին ընդառաջ տեղի ունեցավ մանկապատանեկան 
ցերեկույթ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանում ապրիլի 1-5-ը անցկացվող մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա սկիզբն ազդարարող ցերեկույթը նվիրված է մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին:

Միջոցառման համակարգող, «Հասմիկ» մանկական-երաժշտական թատերական խմբակի գեղարվեստական ղեկավար Կարինե Զաքարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ պատահական չէր, որ ցերեկույթի հիմնական թեման Սիլվա Կապուտիկյանի կյանքն ու ստեղծագործություններն էին, քանի որ, այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծուհու 100-ամյակը:

«Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանում` ակտիվ ընթերցողների մասնակցությամբ պարբերաբար անցկացվում են միջոցառումներ: Երեխաները այն պարարտ հողն են, որտեղ մենք մեր ներդրումը կատարելով ակնկալում ենք հետաքրքրվածություն դեպի հայ գրականություն և մշակույթ: Այս ցերեկույթի ընթացքում երեխաների միջոցով փորձեցինք ստեղծագործությունները մատուցել նորովի, առավել թարմացված, քանի որ Սիլվա Կապուտիկյանը մեր այն գրողներից է, ում բանաստեղծությունները անընդհատ կարդալով և ուսումնասիրելով նոր բացահայտումներ ենք անում»-նշեց Կարինե Զաքարյանը:

«Հասմիկ» մանկական-երաժշտական թատերական խմբակի սան, գրադարանի ակտիվ ընթերցող,միջոցառման մասնակից 12-ամյա Անահիտ Թորոսյանը ասաց, որ իր համար ոգևորիչ է համատեղել ընթերցանությունը բեմականացումների հետ:

«Սկզբում այդքան էլ համոզված չէի, որ ցանկանում եմ թատերական խմբակ այցելել, բայց նմանատիպ բովանդակությամբ բեմադրությունները ինձ սկսեցին դուր գալ, քանի որ ստանում էի լրացուցիչ գիտելիքներ  մեր գրողների մասին»-հավելեց Անահիտ Թորոսյանը:

Միջոցառմանը հրավիրված էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 174 191 և 79 հիմնական դպրոցների 5-7 դասարանների աշակերտներ:

Միջոցառումների ծրագրում ընդգրկված են ցուցահանդեսներ, խաղ-մրցույթներ, երաժշտական ցերեկույթներ, կոմիտասյան երաժշտության ունկնդրում, գրական հոբելյանների մասին էլեկտրոնային ծանոթություններ, հանդիպումներ երիտասարդ գրողների հետ։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]