Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Քաղաքագետը դրական միտումներ է տեսնում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներում


ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը դրական միտումներ է տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ կողմերի միջև ստեղծվել է կառուցողական միջավայր,  առկա է դրական  միտում՝ ուղղված զինադադարի պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև կան որոշակի քայլեր ուղղված  մարդասիրական տարրերի ներգրավամանը:

«Երկխոսության ժամանակ կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, վերահաստատելով այն դիրքորոշումները , որոնք կան թե հայկական, և թե ադբեջանական կողմերի մոտ: Այստեղ փաստի ամրագրումը կայանում է նրանում, որ հայկական կողմը ևս մեկ անգամ ներկայացրել է իր մոտեցումը`  բովանդակության և կարգավորման ուղիների վերաբերյալ: Բնականաբար, ադրբեջանական կողմը պետք է նույնը աներ»,- ասաց քաղաքագետը:

Նա նշեց, որ կողմերը ևս մեկ անգամ շեշտադրել են անհրաժեշտությունը՝ գտնելու եղանակներ, որոնք նպաստելու են խաղաղ կարգավորմանը և ձևավորելու են համապատասխան միջավայր:

«Հայտարարություններում տեսնում ենք այն միտումը, որ կողմերը խոսում են խաղաղության մասին: Խաղաղությունը հանդես է գալիս որպես միջոց կամ միջավայր, որի շրջանակներում պետք է կարգավորվի հակամարտությունը»,- ընդգծեց Մարգարովը:

 Ըստ քաղաքագետի`  հաջորդ դրական կողմը կայանում է նրանում, որ կողմերը շեշտադրում են զինադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: «Սակայն չկար հղում երկու փաստաթղթերին` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի: Բայց շեշտադրվում է այն հանգամանքը, որ կարելի է իրականացնել գործողություններ մարդասիրական բնագավառում, որը տեսականորեն նշանակում է փոխանակում այն մարդկանց, ովքեր գտնվում են Ադրբեջանում և Հայաստանում»,- ասաց Մարգարովը:

Քաղաքագետի կարծիքով` կողմերը պատրաստ են շարունակել բանակցային գործընթացը և արտգործնախարարներն ունեն համապատասխան մանդատ՝ նախապատրաստելու բանակցությունների հաջորդ փուլը:

Վիեննայում անցկացված Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում: 2018թ. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ