Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օպերային թատրոնը նոր տնօրեն ունի. Նազենի Ղարիբյանն այցելել էր թատրոն

Օպերային թատրոնը նոր տնօրեն ունի. Նազենի Ղարիբյանն այցելել էր թատրոն

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը քիչ առաջ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ հանդիպելով թատրոնի աշխատակիցների հետ: Վերջիններս Ղարիբյանից պարզաբանումներ էին պահանջում թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու մասին որոշման առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխատակիցները կրկին հայտարարել են, որ չեն ցանկանում ուրիշ տնօրենի տեսնել թատրոնում: Նրանք ընդգծել են, որ Օրբելյանը մեծ ներդրում է կատարել օպերային արվեստում և իրենց կողմից սիրված ու ընդունված գործիչ է:

Լսելով ներկաներին՝ Նազենի Ղարիբյանը պատասխանել է, որ Օրբելյանին ազատելու իր որոշումն օրենքի պահանջ է եղել: Նա տեղեկացրել է նաև, որ արդեն նշանակել է նոր տնօրենի: «Վստահեցնում եմ, որ ով նշանակվել է, իրոք արժանի է»,- հայտարարեց մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը՝ չբացահայտելով նոր տնօրենին:

Հանդիպումից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին՝ ասելով. «Պարոն Օրբելյանը նշանակվել է տնօրեն օրենքի խախտումներով: Մենք փորձել ենք այս ամիսների ընթացքում հասկանալ՝ ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել: Կա օրենքի պահանջ, որը պետք է կատարել»:

Նա նշել է, որ արդարադատության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններից պարզել են, որ տնօրենն իրավունք չունի այլ աշխատանք զբաղեցնել բացի ստեղծագործական, մանկավարժական և գիտական գործունեությունից: «Մենք միաժամանակ պարզել ենք նաև, որ գեղարվեստական ղեկավարը ղեկավար պաշտոն է, ստեղծագործական չէ: Այսինքն, թյուրիմացաբար մինչև հիմա ընկալվել է այդպես»,- ասել է նա՝ բացառելով այս հարցում որևէ միտումնավոր քայլ:

Լրագրողի հարցին, թե ով է օպերային թատրոնի նոր տնօրենը, Ղարիբյանը պատասխանել է, որ այդ մասին կիմանան երկուշաբթի՝ ապրիլի 1-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]