Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լևոն Ազրոյանը ընթերցասերներին ներկայացրեց «Դարձ ի շրջանս յուր» նոր ժողովածուն

Լևոն Ազրոյանը ընթերցասերներին ներկայացրեց  «Դարձ ի շրջանս յուր» նոր 
ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրողների, արվեստի գործիչների, մշակութային օջախների մասին պատմող շուրջ յոթանասուն ակնարկ է տեղ գտել անվանի լրագրող, «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակից Լևոն Ազրոյանի «Դարձ ի շրջանս յուր» ժողովածուում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 29-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

«Երրորդ անգամ պատիվ ունեմ խոսք ասել Լևոն Ազրոյանի գրքի շնորհանդեսին: Ամեն անգամ  Ազրոյան լրագրողին մաղթում ենք ստեղծագործական  նորանոր բարձունքներ, և ամեն անգամ Ազրոյանն այդ մաղթանքը դարձնում է իրականություն: Ամեն անգամ ասում ենք, որ կհանդիպենք հաջորդ գրքի շնորհանդեսին` իմանալով, որ այդ հանդիպումը հաստատ տեղի կունենա»,-ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Նա պատմեց, որ «Դարձ ի շրջանս յուր» գրքի ծննդյան ընթացքը համընկել է  իր ավագ գործընկերոջ, ավագ ընկերոջ վերադարձին «Արմենպրես» լրատվական գործակալություն: «Այդ դարձը պատահական չէր: Ազրոյանն իր հարցազրույցները, ակնարկները, բացառիկ նյութերը վաղուց է պատրաստել: Շատ լրագրողներ կերազեին  այդ քանակի և այդ որակի նյութերի հեղինակ լինել: Մեզ համար  Ազրոյանը վաղուց  Հայաստանի վաստակաշատ լրագրող է և վաստակաշատ գրող, որովհետև նրա տաղանդը վաղուց հատել է  լրագրության չափանիշները: Ազրոյանը նոր սերնդին սովորեցնում է, թե ինչ է շարունակականությունը»,-նշեց Անանյանն ու հավելեց, որ գիրքը շատ արագ է կարդացվում և դրա մասին անընդհատ կարելի է խոսել:

«Լևոն Ազրոյանը հրաշալի զրուցակից է, և ես աշխատում եմ բաց չթողնել  նրա հետ հնարավոր շփումները, որովհետև ամեն մի հանդիպումը Ազրոյանի հետ կյանքի մի դաս է, մի հետաքրքիր պատմություն, նրան լսելով` անընդհատ սովորում ես»,- ասաց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

Անդրադառնալով գրքին` նա ընդգծեց, որ դրանում կա հարցազրույց Իսահակյանի գրադարանի մասին: «Հարցազրույցի մեջ երևում է Լևոն Ազրոյան քաղաքացու վերաբերմունքը գրադարանային գործի և մշակույթի նկատմամբ: Երբ կարդում ես  հարցազրույցների շարքը, տեսնում ես, թե ինչ խորքային պատմություններ ունեն դրանք, հասկանում ես, որ  կողքիդ կանգնած է ժամանակի վավերագիրը»,-շեշտեց Կարապետյանը:

Կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը խոստովանեց, որ, ընթերցելով գիրքը, մտածում է, որ  այն վավերագրական ֆիլմի շատ լավ նյութ է: «Ազրոյանը փաստերը շատ անգամներ  է ստուգել: Միկոյանից սկսած շփումներ է ունեցել շատ ականավոր մարդկանց հետ, բացել է  նրանց նկարագիրը, ասելիքը»,-ներկայացրեց Մաթոսյանը:

Լևոն Ազրոյանը գրքում նշել է, որ թատերասեր ընթերցողը սիրով կկարդա Թիֆլիսի հայկական թատրոնի ստեղծման, այդ թատրոնի հիմնադիրներից մեկի` Գևորգ Չմշկյանի մասին ակնարկները: «Համոզված եմ, որ ընթերցողն անտարբեր չի մնա մեր թատրոնի մեկ այլ երևելի դերասանի` Բաբկեն Ներսիսյանի  ու նրա Տիգրան որդու  մասին ակնարկների նկատմամբ: Հայտնի է, որ ամեն ոք ինքն է կերտում իր կենսագրությունը: Կարևորն այն է, որ այդ կենսագրությունն ուսանելի լինի սերունդների համար, օրինակ ծառայի հայրենանվեր գործեր արարելիս: Ներկայացված հերոսներից յուրաքանչյուրը վառ անհատականություն է, մեծ հայրենասեր ու իր գործի նվիրյալը, ուստի նրանց կենսագրությունն ընդօրինակելի է մյուսների համար: Մարտիրոս Սարյան ու Հովհաննես Բաղրամյան, Կարեն Դեմիրճյան ու Էդուարդ Շևարդնաձե, Յակով Զարոբյան և Անդրեյ Սախարով… Ահա իմ ակնարկների հերոսների ոչ լրիվ ցանկը»,-գրել է Ազրոյանը:

Հեղինակը գիրքը նվիրում է «Արմենպրես»-ի հարյուրամյակին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]