1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը դարձնել գիտության և տեխնոլոգիաների զարգացման առաջամարտիկ. Արմեն Սարգսյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի

Հայաստանը դարձնել գիտության և տեխնոլոգիաների զարգացման առաջամարտիկ. 
Արմեն Սարգսյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  ներկա է գտնվել Երևանում կազմակերպված «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել առաջատար գիտնականներ ու փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու էվոլյուցիայի, գիտական ու տեխնոլոգիական հայտնագործությունների համաշխարհային միտումներն ու մարտահրավերները:

Բացման խոսքում Հանրապետության նախագահը կարևորել է ժամանակակից գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացումը Հայաստանում՝ նշելով, որ մեր երկիրը կարող է դառնալ առաջատար գիտությունների, հետազոտությունների ու զարգացման գրավիչ կենտրոն:

«Մեր երկրի ապագան եղել և շարունակելու է կապված լինել աշխարհի ապագայի հետ,-ասել է նախագահ Սարգսյանը: - Իսկ աշխարհի ապագան ավելի ու ավելի շարժվում է դեպի նորարարություն, գիտության ու տեխնոլոգիական բացահայտումների օգտագործումը մեր առօրյա կյանքում»:

Նախագահն ասել է, որ աշխարհը շարժվում է դեպի սրընթաց զարգացում և գիտության ու տեխնոլոգիաների կիրառում: «Աշխարհի ու մարդկության ապագան կախված է լինելու նրանից, թե որքանով արդյունավետ ու խաղաղ, ինչպես նաև որքանով արագ մենք կօգտագործենք գիտության և տեխնոլոգիաների զարգացումներն ու նվաճումները, որքանով արդյունավետ կկարողանանք փոխակերպել գիտությունն ու տեխնոլոգիաները գործնական կիրառության,-ասել է նախագահը: - Եվ որքան զգուշավորությամբ դա կանենք, քանի որ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ այս աշխարհում որևէ լուրջ բան անելիս մենք արդեն վնասել ենք մեր մոլորակը: Ուստի պետք է շատ ուշադիր լինենք, թե ինչ և ինչպես ենք անում:

Ցանկացած գիտական հայտնագործություն կարող է լինել դրական և բացասական, և սա մենք շատ լավ գիտենք: Սկսած մուրճից մինչև միջուկային էներգիայի բացահայտումը կարող են ծառայել մարդկությանը, սակայն, միևնույն ժամանակ, կարող են ծառայել նաև մարդկության ոչնչացմանը»:

Անդրադառնալով մեր երկրի ապագայի վերաբերյալ իր տեսլականին՝ նախագահը նշել է, որ այն կապված է նաև մարդկության ապագայի հետ:«Մենք պետք է հասկանանք, թե ուր է շարժվում մարդկությունը, որտեղ կլինի մարդկությունը 20, 30, 40, 50 տարի անց,-ասել է Արմեն Սարգսյանը:- Եվ մենք՝ Հայաստանը, պետք է որոշի, թե որն է լինելու այդ աշխարհում մեր դերը: Ի՞նչ ենք պատրաստվում արտադրել, վաճառել, ո՞ւմ հետ ենք պատրաստվում առևտուր անել՝ լինի դա ապրանք, կամ գաղափար: Եվ ձեր համաժողովը կարևոր քայլ է ապագայի մասին գաղափարների փոխանակման համար: Ես հավատացած եմ, որ աշխարհի և Հայաստանի ապագան պետք է սերտորեն կապված լինի նոր տեխնոլոգիաների հետ, այն տեխնոլոգիաների հետ, որոնք ոչ թե ի հայտ կգան 10-20 տարի անց, այլ՝ այն տեխնոլոգիաների հետ, որը մենք ունենք այսօր և որոնք կզարգանան վաղը:

Մենք պետք է շատ աշխատենք և վստահեցնենք, որ մենք զուգահեռ ենք շարժվում աշխարհի հետ՝ գիտության, տեխնոլոգիաների, մարդկային վարքագծի տեսանկյունից:

Ամեն բան դառնում է ավելի ու ավելի ինտեգրացված: Ցանկացած ֆերմեր այս աշխարհում արդյունավետ լինելու համար պետք է օգտագործի արհեստական բանականություն, նոր լազերային տեխնոլոգիաներ: Կամ՝ ցանկացած բժիշկ պետք է նաև հասկանա տեխնոլոգիաներից, քանի որ առողջապահության արդյունավետությունն ի վերջո կախված է լինելու նույն արհեստական բանականությունից, թվային տեխնոլոգիաներից և բիոլոգիական նոր հայտնագործություններից: Յուրաքանչյուր գիտնական, ով այսօր հիմնարար հետազոտություն է իրականացնում, ի վերջո ցանկանում է հայտնագործությունը կիրառելի դարձնել ոչ թե 100 տարի անց, այլ հենց վաղը: Երբ քվանտային մեխանիկայի հայրերն աշխատում էին քվանտային մեխանիկայի վրա, նրանք իհարկե մտածում էին բացահայտումների, տիեզերքը հասկանալու մասին, սակայն նրանցից շատերը չէ, որ կարող էին պատկերացնել, թե ինչ մեծ են լինելու իրենց բացահայտումների կիրառումները: Սակայն այսօր ամեն բան տարբեր է: Այսօր ցանկացած գիտնական մտածում է իր բացահայտման կիրառման մասին:

Մենք նոր աշխարհում ենք, ուստի՝ բարի գալուստ 21-րդ դարի նոր աշխարհ, որտեղ ամեն բան կապված է լինելու միմյանց հետ: Եվ իր բնույթով այդ ամենին կապված է լինելու նաև Հայաստանը: Մենք ցանկանում ենք լինել առաջամարտիկ, վստահեցնել, որ 10-20 տարի անց Հայաստանը լինելու է աշխարհի ամենաառաջատար երկրներից մեկը: Սա հավակնություն է, երազանք, սակայն երազանքը սկսվում է փոքր քայլերից: Եվ այդ քայլերից մեկն է այստեղ հրավիրելը աշխարհահռչակ գիտնականների, ովքեր առաջատար են իրենց ոլորտներում՝ մաթեմատիկական մոդելավորման, էվոլյուցիայի, արհեստական բանականության մեջ: Այս փաստն ինձ ուրախացնում է: Հաջողություն եմ մաղթում համաժողովին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]