Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տրանսպորտային խնդիրները «կարկատանային» լուծումներ չեն ստանալու. ՏԿՏՏ նախարարությունը ստեղծում է միասնական երթուղային ցանց

Տրանսպորտային խնդիրները «կարկատանային» լուծումներ չեն ստանալու. ՏԿՏՏ 
նախարարությունը ստեղծում է միասնական երթուղային ցանց

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տրանսպորտային ցանցը կբարելավվի, ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ և վստահեցնում, որ արդյունքները շատ շուտ տեսանելի կլինեն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:

«Նախարարությունը թույլ է տալիս կոնկրետ երթուղով իրականացնել ուղևորափոխադրում, սակայն կան անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնք առանց թույլտվության, սպիտակ պետհամարանիշերով սկսում են փոխադրումներ իրականացնել:  Ժամանակի ընթացքում կային այնպիսի նախադեպեր, երբ գործում էր այսպես ասած «էստի համեցեքի» կոնցեպտը: Սա բխում էր նրանից, որ ավտոկայանն ամբողջական չէր աշխատում, տեղի էին ունենում տարբեր ուղղորդումներ ուղևորներին ձեռքից ձեռք տանելու համար և այլն: Լինում էր նաև տրանսպորտի կայանելու տեղերի փոփոխություն և մարդը չէր հասկանում, վերջ ի վերջո, որտեղից պետք է նստեր: Եվ ահա այս և այլ խնդիրների լուծման համար կոնկրետ ծրագիր է իրականացվում»,-ասաց Արմեն Արզումանյանը: Նա նշեց, որ այժմ ավարտման փուլում է գործիքակազմի մշակումը, որը հնարավորություն կտա ռեալ հաշվարկել ուղևորահոսքը, որի միջոցով ստեղծվելու է միասնական երթուղային ցանց: Արդյունքում ամբողջ Հայաստանում լինելու է նոր որակի, նոր ձևաչափի տրանսպորտային համակարգ: Ուղևորի համար պարզ կլինի երթուղիների ցանցը, թե կոնկրետ տրանսպորտը որտեղից, երբ, ինչ ուղղությամբ է գնալու, հնարավորություն կընձեռվի տոմսերը ձեռքբերել օնլայն տարբերակով, իսկ տրանսպորտային ընկերությունների համար էլ հստակ կլինի, թե ինչ ուղևորահոսքի մասին է խոսքը:

Նախարարի տեղակալն անդրադարձավ Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի վարորդների բողոքի ակցիային: Նրանք նշում են, որ այլ անձանց կողմից ապօրինի ուղևորափոխադրումներ են իրականացվում, ինչն էլ վնասում է իրենց գործին: Արմեն Արզումանյանը նշեց, որ ամենօրյա ռեժիմով զբաղվում են խնդրով և խիստ վերահսկողություն են իրականացնում բացառելու համար ապօրինի ուղևորափոխադրումները:

«Մենք տրանսպորտային խնդիրներին «կարկատանային» լուծումներ չենք տալու, այլ համընդհանուր ոլորտը համակարգող տարբերակ ենք առաջարկելու: Հասկացեք, տարիների կուտակված խնդիրը մեկ-երկու չի լուծվում»,- ասաց Արմեն Արզումանյանը:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար տեղակալ Արտուշ Գրիգորյանը նշեց, որ վարորդների բողոքը մի քանի խնդիրների հետ է կապված:

«Կա Երևան-Արմավիր էքսպրես ուղևորափոխադրողը: Դա նշանակում է, որ ավտոմեքենան պետք է դուրս գա Արմավիր քաղաքից և վերջնակետը լինի Երևանի Կիլիկիա ավտոկայանը: Նույնիսկ Մեծամոր քաղաքից իրավունք չունի ուղևոր վերցնի կամ այնտեղ իջեցնի, սակայն մեր կողմից նման խնդիրներ բացահայտվել են: Դրան գումարվում է մինչև 7 տեղանոց ավտոմեքենաների խնդիրը, որոնք տաքսիների անվան տակ ուղևորափոխադրում են իրականացնում, ինչը կանոնակարգելու խնդիր ունի: Բացի այդ, խնդիր են նաև ապօրինի ուղևորափոխադրումները»,-ասաց նա:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը նշեց, որ  ժամանակին Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող տեսչությունը և այլ տեսչություններ միացել են և ներկայանում են որպես մեկ մարմին: Առայժմ տեսչական մարմինը օրենքով իր ամբողջ լիազորությունները կիրառելու հնարավորություն չունի: Դրա համար անհրաժեշտ է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարել: Արդյունքում՝ վերահսկողական գործառույթը կլինի ավելի լիարժեք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]