Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս 2022

Կայացել է «Աջակցություն Հայաստանի ՓՄՁ զարգացման ռազմավարությանը» թեմայով 2-րդ աշխատաժողովը

Կայացել է «Աջակցություն Հայաստանի ՓՄՁ զարգացման ռազմավարությանը» թեմայով 
2-րդ աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մարտի 27-ին կայացել է «Աջակցություն Հայաստանի ՓՄՁ զարգացման ռազմավարությանը» թեմայով  2-րդ աշխատաժողովը, որը կազմակերպել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ - OECD)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատաժողովի նպատակն էր պետություն-մասնավոր հատված երկխոսության, ինչպես նաև ՓՄՁ ռազմավարությունների մոնիտորինգի գործուն համակարգի ներդրման մասով ՏՀԶԿ առկա փորձի փոխանակման միջոցով նպաստել Հայաստանի ՓՄՁ զարգացման ռազմավարության մշակման և հետագայում դրա արդյունավետ իրականացման գործընթացին։ 

Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և ՏՀԶԿ Եվրասիայի հարցերով բաժնի ծրագրերի ղեկավար Դանիել Քուադբեկը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչները։

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Ավագ Ավանեսյանը, մասնավորապես, ասել է․ «ՓՄՁ ոլորտի զարգացումը հանդիսանում է ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկը, և այս առումով ՓՄՁ քաղաքականության մշակման փուլում կարևոր է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Հայաստանի կառավարության համագործակցության շարունակականության ապահովումը։ Հայաստանի կառավարությունը, հիմք ընդունելով ՏՀԶԿ կողմից իրականացվող Փոքր բիզնեսի ակտի (ՓԲԱ) 2016թ. գնահատման շրջանակներում ներկայացված  առաջարկությունները, որոշակի քայլեր է ձեռնարկել փոքր և միջին ձեռնարկությունների համար քաղաքականության դաշտի բարելավման ուղղությամբ: Կցանկանայի նշել, որ ՓԲԱ գնահատման սկզբունքներն արտացոլված են և դրանց անդրադարձ է կատարվում նաև ներկայումս մշակման փուլում գտնվող ՓՄՁ զարգացման միջնաժամկետ ռազմավարության նախագծում։ Հաշվի առնելով, որ մոնիտորինգի համակարգը ցանկացած ռազմավարության արդյունավետ իրականացման առանցքային բաղադրիչ է՝ կարևորում ենք ինչպես ՓՄՁ ռազմավարությունների մոնիտորինգի գործուն համակարգի ներդրման, այնպես էլ պետություն-մասնավոր հատված երկխոսությանն օժանդակելու մասով ՏՀԶԿ արժեքավոր փորձը։ Նշեմ, որ մշակվող ռազմավարության արդյունավետ իրականացմանը կնպաստի նաև այս աշխատաժողովի ընթացքում ներկայացվելիք՝ ՓՄՁ ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի իրականացման մոնիտորինգի և առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունների ընդունված գործիքների վերաբերյալ ՏՀԶԿ փորձառությունը, իսկ պետական և մասնավոր հատվածների մասնակցությունն աշխատաժողովին հնարավորություն կընձեռի մշակելու առավել արդյունավետ և ՓՄՁ կարիքներին համապատասխան ռազմավարություն և դրա իրականացման գործողությունների ծրագրեր։ Ամփոփելով խոսքս՝ կցանկանայի  մաղթել արդյունավետ աշխատանք և երկկողմ փոխշահավետ համագործակցության էլ ավելի խորացում ՀՀ կառավարության և ՏՀԶԿ միջև»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ վարչության պետ Կորյուն Գևորգյանի կողմից ՓՄՁ զարգացման ռազմավարության ուղղությունների և առաջնահերթ գործողությունների ներկայացումից հետո, ռազմավարության նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկություններ են ներկայացրել Սլովակիայից միջազգային փորձագետ Յանեշ Շուշտերիչը և ՏՀԶԿ Եվրասիայի հարցերով բաժնի ներկայացուցիչ Լյուդմիլա Սաուտիևան։

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ներկայացվել են կարծիքներ և առաջարկություններ, որոնք կարտացոլվեն ՓՄՁ մշակվող ռազմավարության մեջ։

Առանձնակի հետաքրքրութան են արժանացել նորարարական ՓՄՁ-ների, էկո-ՓՄՁ-ների խթանման,  ՓՄՁ-ների միջազգայնացման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության առավել սերտացման խնդիրները։

Ինչպես և ակնկալում էին աշխատաժողովի կազմակերպիչները, պետական և մասնավոր հատվածների մասնակցությունն աշխատաժողովին հնարավորություն է ընձեռել քննարկելու ՓՄՁ ռազմավարության նախագիծը, դրա հիմնական հայեցակարգային առաջնահերթություններն ու գործողությունները, և կարծիքներ ու առաջարկություններ ստանալու մասնավոր հատվածի և ՏՀԶԿ ներկայացուցիչներից։







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]