Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են գործակցության խորացման հեռանկարները

ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են գործակցության խորացման 
հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն Հայաստանի համար կարևոր գործընկերներ են ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության ուժեղացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախորդ տարի սկիզբ առած քաղաքական փոփոխությունները հենց այս գործընթացների հետ էին կապված, դրանցում արտաքին որևէ ներգրավվածություն չկար, քանի որ Հայաստանի ժողովրդի համար ժողովրդավարությունն արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ ներքին համոզմունք և արժեքային համակարգ: «ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների մեծ օրակարգ ունի, որի արդյունավետ իրականացման գործում եվրոպական կառույցների, այդ թվում՝ ԵԽ և ԵԽԽՎ հետ ակտիվ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի», - ասել է վարչապետը և այս համատեքստում կարևորել առաջիկայում՝ ապրիլ ամսին, նախատեսվող իր այցը Ստրասբուրգ, որի շրջանակում՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու ելույթով:

ԵԽԽՎ նախագահը նշել է, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վարչապետին և քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր: Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում ուշադիր հետևել և հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և ողջունում են քաղաքական փոփոխությունների խաղաղ, ոչ բռնի իրականացումը: «Հայաստանի քաղաքացիները կարողացան հասնել ժողովրդավարական փոփոխությունների խաղաղ ճանապարհով, և դա շատ լավ ձեռքբերում է Հայաստանի համար», - ասել է Լիլիան Մորի-Պասկիեն: Նա նաև անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ այն, որ քաղաքացիների մեծամասնութունը ՀՀ վարչապետի գլխավորած քաղաքական ուժին է վստահել իր քվեն, մեծ աջակցություն է կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար: Լիլիան Մորի-Պասկիեն վստահեցրել է՝ ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն պատրաստ են աջակցել Հայաստանին այդ գործընթացում և նշել, որ սիրով սպասում են վարչապետ Փաշինյանին երկու շաբաթից Ստրասբուրգում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության խորացման հեռանկարները:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարության համար առաջնահերթություն է ժողովրդավարության ուժեղացումը, ինստիտուցիոնալ զարգացումը և այս համատեքստում օրակարգում քաղաքական ինստիտուտների շարունակական հզորացումն է, արդարադատության ինստիտուների ուժեղացումն ու ամրապնդումը, այդ թվում նաև՝ անկախ դատական համակարգի կայացումը, ազատ խոսքի ամրապնդումը և այլն:

ԵԽԽՎ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի նշած ուղղություններով բարեփոխումների նախաձեռնումը և ևս մեկ անգամ նշել, որ ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն պատրաստ են օժանդակել կառավարությանը այդ գործում, այդ թվում նաև՝ Հայաստանի հետ համագործակցության 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակում:

Շնորհակալություն հայտնելով ԵԽԽՎ նախագահին պատրաստակամության համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն ԵԽ և ԵԽԽՎ լիարժեք անդամ է և շահագրգռված է զարգացնել եվրոպական կառույցների հետ փոխգործակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարության չափանիշները բարձրացնելու ուղղությամբ, քանի որ Հայաստանի քաղաքացիները վաստակել են այդ իրավունքը, և կառավարությունը կներդնի առավելագույն ջանքերը՝ այն լավագույնս ապահովելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]