Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ագրարային համալսարանը փոխգործակցության խորացմանը միտված համաձայնագիր է ստորագրել Գայզենհայմի համալսարանի հետ

Ագրարային համալսարանը փոխգործակցության խորացմանը միտված համաձայնագիր է 
ստորագրել Գայզենհայմի համալսարանի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի նախագահ Հանս Ռայներ Շուլցի հրավերով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը մարտի 18-ից 21-ն աշխատանքային այցով գտնվել է Գերմանիայում: Գործընկերության մոտ 4 տարվա  փորձ ունեցող համալսարանների ղեկավարները քննարկել են երկու համալսարանների միջև գործակցության խորացման հնարավորությունները,  որոնք ամրագրվեցին մարտի 21-ին նրանց ստորագրած գործակցային համաձայնագրում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԱՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Համաձայնագրով, մասնավորապես, նախատեսվում են ուսանողների փոխանակումներ, խաղողագործության և գինեգործության ոլորտում համատեղ հետազոտություններ, միկրոգինեգործության և միկրոգարեջրագործության՝ Գայզենհայմի համալսարանի փորձի փոխանցում և ուսումնական նպատակներով նման արտադրական կարողությունների օգտագործում: Բացի այդ, համաձայնագրի հիման վրա «Էրազմուս +» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի ևս 6 նոր ուսանողներ մեկ կամ երկու կիսամյակ Գայզենհայմում սովորելու հնարավորություն կստանան:

Գայզենհայմի համալսարանում այժմ ուսումը մեկ կիսամյակով շարունակում են Ագրարային համալսարանի 4 և Ի-Վի-Էն գինու ակադեմիայի 6 ուսանողներ: ՀԱԱՀ ռեկտորը հաճելի առիթ ունեցավ հանդիպելու ոչ միայն նրանց, այլ նաև Ագրարային համալսարանում գործող Ի-Վի-Էն գինու ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանողների հետ, ովքեր այս պահին դեռ շարունակում են ուսումնաճանաչողական գործուղումը Գայզենհայմում: «Գինու ակադեմիայի ուսանողներին Գայզենհայմ գործուղելը լավ ավանդույթ է դառնում: Ի դեպ, առաջին անգամը չէ, որ ուսանողների Գայզենհայմ ուղևորությունը համաֆինանսավորում է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD), որի համար շնորհակալ ենք: Այս տարի ծրագիրը ներառում էր նաև մասնակցությունը Դյուսելդորֆում անցկացվող աշխարհի ամենամեծ գինու տոնավաճառին՝ Պրովայնին, ինչպես նաև՝ այցելությունները Ռայնգաու երկրամասի մի քանի գինեգործարաններ: Սկսած 2015թ.-ից Էրազմուս + ծրագրի շրջանակում Ագրարային համալսարանի ավելի քան 30 ուսանողներ ու դասախոսներ են այցելել Գայզենհայմի համալսարան՝ ուսումնաճանաչողական և վերապատրաստման նպատակենրով: Գայզենհայմի նախագահի հետ մեր ստորագրած համաձայնագիրը նպատակաուղղված է գործակցության ամրապնդմանն ու խորացմանը», - ասաց ռեկտոր Ուռուտյանը:

Գինու ակադեմիայի ուսանողները Գայզենհայմի ուսանողների համար անցկացրեցին գինու համտես, որի ժամանակ նրանք իրենց գերմանացի հավասարակիցներին ներկայացրեցին ոչ միայն հայկական գինիների անզուգական համուհոտը, այլև՝ մեր պատմությունն ու մշակույթը: Ընդ որում, այս գործում նրանց օգնեցին ինքը՝ ռեկտորը և Գինու ակադեմիայի խորհրդական և դասախոս Իզաբել Ռյութիգերը, որը Գայզենհայմի շրջանավարտ է:

Փոխանակման ծրագրերի իրականացման և ընդհանրապես գործընկերության կայացման գործում լուրջ ներդրում ունեն Գայզենհայմի համալսարանի պրոֆեսոր և Ի-Վի-Էն գինու ակադեմայի հրավիրյալ դասախոս Յոն Հանֆը և Գայզենհայմի համալսարանի դասախոս Լինդա Բիչը, որն, ի դեպ, Գայզենհայմի ուսանող եղած ժամանակ նույն Էրազմուս + փոխանակման ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ սովորել է Հայաստանում՝ Գինու ակադեմիայում:

«Շատ շնորհակալ եմ այս կարևոր գործակցության թիկունքում կանգնած գերմանացի և հայաստանցի բոլոր գործընկերներին. առանց նրանց աջակցության ուսանողների այս ակտիվ փոխանակությունը և առհասարակ այս արդյունավետ գործընկերությունը հնարավոր չէր լինի», - նշեց պարոն Ուռուտյանը:

Այցի ընթացքում ՀԱԱՀ ռեկտորին ուղեկցում էր Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]