Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Ապրիլ

Քաղաքապետարանը և «Մայքրոսոֆթ»-ը Երևանի համար կմշակեն «խելացի քաղաքի» ռազմավարություն


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «Խելացի քաղաք» նախաձեռնության ՏՏ խորհրդատու Ֆրեդ Սիթբոնի հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից մշակված «Խելացի քաղաք» լուծումները, որոնք հաջողությամբ ներդրվել են տարբեր երկրներում և ներառում են այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են զանգերի սպասարկման կենտրոնը, հեռախոսային հավելվածները, անհատական թվային օգնականը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր քայլեր է ձեռնարկում «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման ուղղությամբ, որն էլ կդառնա գործնական ծրագիր՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում «խելացի» լուծումներ ապահովելու համար:

«Ուրախ ենք արձանագրել, որ խելացի քաղաք ունենալու հարցում նույն պատկերացումներն ունենք և որ Երևանն այսօր աշխարհին զուգընթաց է քայլում»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալն ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է համագործակցության ցանկացած առաջարկ:

Քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման գործում առանձնացնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ Ֆրեդ Սիթբոնը նշել է, որ ընկերությունը կարևորում է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության հաստատումն ու պատրաստ է «խելացի քաղաք»-ի իր առաջարկները ներկայացնել:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկելու համագործակցության ուղղություններն ու Երևանի առումով հանդես գալու հստակ ռազմավարությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ