Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Ապրիլ

Ֆրանկոֆոնիայում Հայաստանի նախագահության առաջնայնությունները ներկայացվել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մարտի 18-21-ը  կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումների շրջանակում մարտի 21-ին տեղի է ունեցել Դաշինքում համատարմագրված ՖՄԿ անդամ պետությունների առաքելությունների մասնակցությամբ ընդունելություն, որի ընթացքում որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը նախագահող պետության ներկայացուցիչ բացման խոսքով հանդես է եկել ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության առաջնայնությունները։

Իր խոսքում Գագիկ Հովհաննիսյանը, ընդգծելով ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին Հայաստանի նվիրվածությունը, ներկայացրել է 2018թ. հոկտեմբերին Երևանում «Ապրել միասին» խորագրով կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի արդյունքները և մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում նախատեսվող առանցքային միջոցառումները։

Գագիկ Հովհաննիսյանի ֆրանսերեն լեզվով ելույթից հետո միջոցառման մասնակիցները, ի թիվս այլոց, հնարավորություն են ունեցել  համտեսելու հայկական տաղավարում ներկայացված հայաստանյան արտադրության կոնյակների և գինիների լավագույն նմուշները։

Հիշյալ միջոցառմանը ներկա են գտնվել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների մի շարք դեսպաններ և Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներ։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ