1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեւանում տեղի ուկրաինական համայնքի մասնակցությամբ նշվեց Տարաս Շեւչենկոյի ծննդյան 205-ամյակը

Սեւանում տեղի ուկրաինական համայնքի մասնակցությամբ նշվեց Տարաս Շեւչենկոյի ծննդյան 205-ամյակը

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանում գործող ուկրաինական համայնքի ու Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղար Տարաս Յակովենկոյի մասնակցությամբ նշվեց ուկրաինացի բանաստեղծ, նկարիչ, ժողովրդագետ Տարաս Շևչենկոյի ծննդյան 205-ամյակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, Սեւանում Ուկրաինական համայնքը թեեւ փոքրաթիվ է, սակայն դա բնավ էլ չի խանգարում, որ այստեղ պահպանվի ուկրաինական տրամադրությունը: «Դեռեւս 2017 թվականին Սեւան համայնքի ավագանու որոշմամբ ուկրաինական համայնքին Սեւանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում հատկացվեց տարածք` ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ, ժողովրդագետ Տարաս Շեւչենկոյի թանգարան հիմնելու եւ համայնքի անդամների հանդիպումները կազմակերպելու համար:

Այս տարի լրացավ Տարաս Շևչենկոյի ծննդյան 205-ամյակը, եւ ուկրաինական համայնքի ու Սեւանի համայնքապետարանի նախաձեռնությամբ եւ հեղինակմամբ գարնանային հերթական օրը դարձավ ոչ միայն Ուկրաինայի մեծագույն զավակին հիշելու, այլ նաեւ հայ-ուկրաինական մեծագույն բարեկամության վավերագիր: Հյուրերին` ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղար Տարաս Յակովենկոյին, Հայաստանում ուկրաինական համայնքի ղեկավար Աննա Հարությունյանին, դիմավորեցին Սեւանի համայնքապետարանի ԿՄՍԵՀ բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը, Սեւանում ուկրաինական համայնքի ղեկավար Լուսինե Գոնչոյանը: Հայկական ավանդական աղուհացին հաջորդեց օրվա համար պատրաստված ցերեկույթը, որն անցկացվեց երաժշտական դպրոցի դահլիճում: Միմյանց էին հաջորդում հայկական եւ ուկրաինական պարերն ու երգերը, Շեւչենկոյի ստեղծագործությունների ընթերցումները, որոնք հնչում էին տարբեր լեզուներով: Մեծ ուկրաինացու գործն արժեւորելու համար ներկայացվեցին նաեւ նրա կյանքին եւ գործունեությանը վերաբերող վավերագրական նյութեր: Ուկրաինական համայնքի ներկայացուցիչները, Սեւանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները, մշակութային կենտրոնի «Սեւան» պարի համույթի սաներն օրը վերածեցին իսկական տոնի:

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղար Տարաս Յակովենկոն անչափ զգացված էր նման իրադարձությամբ, համարելով, որ այս ամենը սեւանցիների եւ Սեւանում գործող ուկրաինական համայնքի համագործակցության արդյունքն է: Յակովենկոն պատվոգիր հանձնեց Սեւանի ուկրաինական համայնքի ղեկավար Լուսինե Գոնչոյանին: Հնչած ելույթներն էլ առնչվում էին հայ-ուկրաինական բարեկամությանը: Միջոցառմանը հաջորդեց ուկրաինական հյուրասիրությունը, որը կազմակերպվել էր Տարաս Շևչենկոյի թանգարանում: Թանգարանն արդեն համալրվել է գրականությամբ, նկարներով, գեղարվեստական եւ վավերագրական նյութերով»,- նշեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]