Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը և Արամ Սիմոնյանը արձագանքել են ՀՀ վարչապետի՝ ուսանողների առջև դուռ փակելու մասին հայտարարությանը

Արայիկ Հարությունյանը և Արամ Սիմոնյանը արձագանքել են ՀՀ վարչապետի՝ 
ուսանողների առջև դուռ փակելու մասին հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ուսանողի առջև դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դա բոլորին հայտնի է և մամուլում մատնանշվել է, թե ում է նկատի ունեցել ՀՀ վարչապետը. «Վարչապետը շատ պարզ և ընթեռնելի ձևով ներկայացրեց: Դուք բոլորը գիտեք նրանց մասին»:

Հարցին` թե ինչպես է պատկերացնում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկությունը, նա ասաց, որ ԵՊՀ-ի խորհուրդը պետք է նման հարցերը լուծի, նախարարությունը նման լիազորություններ չունի: «Դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ, կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացները կշարունակի քննարկել»,- ասաց Հարությունյանը:

Հարցին` թե արդյոք որպես ԿԳ նախարար ցանկանում է, որ Արամ Սիմոնյանը պաշտոնանկ արվի, նա պատասխանեց.

«Այո, ես նրա պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում: ԵՊՀ-ի ներկայիս վիճակը տեսեք և պատկերացրեք, թե ուր է գնում համալսարանը: ԵՊՀ-ն ունեցել է ռազմավարական պլան, բայց այս իրադարձություններից դրդված ինչ-որ բարեփոխումների խմբեր է ստեղծում, ինչը ենթադրում է, որ այն ռազմավարական պլանը, որն ունեցել է, բուհը տարել է հետընթացի»,- եզրափակեց Հարությունյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասաց, որ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ նա արտահայտել է կարծիք, որը ոչ անձնավորված էր: «Ես վարչապետի հայտարարությունը չեմ քննարկում: Վարչապետը արտահայտել է ընդհանուր կարծիք, որը ոչ անձնավորված է: Ինչ կարող եմ մեկնաբանել: Գնացեք կառավարության լրատվական ծառայություն և իրենցից իմացեք, թե հստակ ինչ է նկատի ունեցել վարչապետը: Այդ հայտարարությանը որևէ պարզաբանում չեմ կարող տալ»,- ասաց ռեկտորը:

Հարցին, թե ինչու են իր անձի շուրջ պտտվում խոսակցությունները, Սիմոնյանը պատասխանեց. «Իմ շուրջ միշտ էլ խոսակցություններ պտտվել են: 13 տարի ԵՊՀ-ի ռեկտոր եմ և 13 իմ անվան շուրջ անընդհատ խոսակցություններ են պտտվում: Ես ամեն խոսակցությանը չեմ կարող մեկնաբանություն կամ պարզաբանումներ տալ»:

Հարցին` թե արդյոք նա փակել է ուսանողների առջև դուռ, ռեկտորը հայտարարեց. «Ես ուսանողների առջև դուռ չեմ փակել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին հրավիրված կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական համակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]