Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Ապրիլ

Լեռնահովտում կկառուցվի դպրոցական նոր շենք



ԳԱՎԱՌ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրի հիմնական դպրոցը գործում է շենքային խիստ անբավարար պայմաններում:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ 40 աշակերտ ունեցող դպրոցը գործում է երկհերթ՝ առանց մարզադահլիճի, սանհանգույցների, կենտրոնացված ջեռուցման, անհրաժեշտ այլ պայմանների: Լեռնահովտում նոր դպրոց կառուցելու խնդիրն այսօր փորձում են հոգալ ոչ միայն Գեղարքունիքի մարզպետարանը, այլ նաեւ ֆրանսիական «Bonheure Rertrouve» բարեգործական ասոցիացիան, որի հայաստանյան ներկայացուցիչ Ռուզաննա Ստեփանյանին մարտի 25-ին ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Ռուզաննա Ստեփանյանը, ֆրանսիական «Bonheure Rertrouve» բարեգործական ասոցիացիան ծրագրել է բարեգործական համերգներից ու այլ հանգանակություններից հավաքված միջոցների հաշվին իր նպաստը բերել Լեռնահովիտ բնակավայրի նոր դպրոցի կառուցմանը: «Մեր կազմակերպությունը ուզում է բավարար միջոցներ գտնել՝ Լեռնահովտում 40-տեղանոց նոր դպրոցական շենք կառուցելու համար: Այդ նպատակով մենք ուզում ենք հստակեցնել շենքի նախագծանախահաշվային արժեքի մոտավոր չափը, որպեսզի հասկանանք, թե ինչ չափի հանգանակություն մեզ հարկ կլինի կազմակերպել: Մեր հիմնական նպատակն է՝ հասնել նրան, որպեսզի այս ուսումնական տարում Լեռնահովտի հիմնական դպրոցի 40 աշակերտներն ունենան կրթության ամենաարդիական պայմանները: Նոր դպրոցական շենքի կառուցման շրջանակում մենք անպայման ուզում ենք ներառել մարզադահլիճը, ինչից եւս այս պահին զուրկ է կրթական հաստատությունը: Եթե մեր հանգանակած գումարները չբավարարեն, ապա միջոցները կուղղենք նոր շենքի կառուցմանը, իսկ մարզադահլիճի կառուցումը կարող ենք թողնել եկող տարվա ծրագրերին: Բոլոր խնդիրներում մենք ակնկալում ենք ձեր աջակցությունն ու համագործակցությունը»,-նշեց Ռուզաննա Ստեփանյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանն իր հերթին ընդգծեց, որ Լեռնահովտի հիմնական դպրոցի նոր շենքի կառուցումը, ինչպես նաեւ բնակավայրում առկա այլ խնդիրների կարգավորումը գտնվում է մարզպետարանի ուշադրության կենտրոնում, որոնց շուրջ ձեռնարկվել են որոշակի նախնական քայլեր: «Մենք ողջունում ենք ձեր կազմակերպության նախաձեռնությունն ու մարդասիրական առաքելությունը եւ աջակից կլինենք ձեր բոլոր ձեռնարկներին: Մենք հիմա Լեռնահովտում հրատապ ենք համարում ոչ միայն դպրոցի շենքի, այլ նաեւ համայնքային կենտրոնի կառուցման, ոռոգման եւ խմելու ջրի մատակարարման ապահովման, ճանապարհների հիմնանորոգման հետ կապված խնդիրների կարգավորումը, որոնք գույքագրել ենք նախորդ տարեվերջին համայնք կատարած այցի ընթացքում: Մոտ ժամանակներում մենք կհստակեցնենք, թե այս ուղղությամբ որքան միջոցներ կհատկացնի կառավարությունը, եւ որքան՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Կարծում եմ, Լեռնահովտում մենք գոհացուցիչ արդյունքներ կգրանցենք մեր եռակողմ համագործակցությամբ: Եթե ձեր հանգանակած գումարները քիչ լինեն, ապա պետությունն ու համայնքը պարտադիր կունենան իրենց մասնակցությունը: Առհասարակ, Լեռնահովիտը գտնվում է աշխարհագրական բարդ դիրքում, մարդիկ ապրում են դժվարին պայմաններում, եւ մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի այստեղ բոլոր խնդիրները կարգավորվեն օր առաջ»,- հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Առաջիկայում կհստակեցվեն Լեռնահովտի հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման նպատակով տրամադրվող պետական կամ բարեգործական միջոցների հատկացումները եւ շինարարական մեկնարկի ժամկետները:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ