Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գյումրիում բացվելու է կատարողական արվեստի Խառատյան փորձարարական կենտրոն

Գյումրիում բացվելու է կատարողական արվեստի Խառատյան փորձարարական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մշակութային կյանքի զարգացումը խթանելու նպատակով քաղաքում նախատեսվում է հիմնել կատարողական արվեստի ժամանակակից բազմաֆունկցիոնալ կենտրոն: Այն կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, տարածաշրջանային զբոսաշրջության, ենթակառուցվածքների, քաղաքաշինության, սոցիալական և մշակութային զարգացումը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կատարողական արվեստի Խառատյան փորձարարական կենտրոն, Գյումրի» ծրագրի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 25-ին Երևանում: 

«Կենտրոնը ծառայելու է արվեստի բոլոր տեսակներին: Մենք կենտրոնում պետք է պատրաստենք մասնագետների, որոնք վաղը կշենացնեն մեր երկիրը, դերակատարություն կունենան համաշխարհային արվեստի զարգացման գործում: Կենտրոնում կլինի ներկայացումների դահլիճ, «Հումանիտար գիտությունների և շարժման» հետազոտական կենտրոն, կիրականացվեն կյանքի որակի բարելավման ծրագրեր, կգործի պարի ակադեմիա: Կներգրավենք ոչ միայն տեղացի, այլև արտասահմանցի ուսուցիչների»,-նշեց ծրագրի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը: Նա հավելեց, որ կենտրոնը ձեռնամուխ կլինի ծիսական պարերի հետազոտությանը,  որոնք ծնվել են հայկական լեռնաշխարհում, կուսումնասիրվեն հայկականության արքետիպերը, որոնց հիման վրա կմշակվեն մասնակցային ծրագրեր: 

Կենտրոնը գործելու է Գյումրու երկաթուղային կայարանի հարևանությամբ՝ նախկին մշակութային կենտրոնի՝ Սևյան ակումբի շենքում, որը ՀՀ Շիրակի մարզի Գյումրի  համայնքի ավագանու որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով փոխանցվել է «Բալետ 2021» հիմնադրամին: Երկրաշարժից 30 տարի անց դեռևս կանգուն են մնացել շինության քարե պատերը: Ծրագիրը կպահպանի շենքի կանգուն մնացած և պատմամշակութային արժեք ներկայացնող հատվածները՝ ճակատամասը և «Սասունցիների պարը» խճանկարը, որի հեղինակն է ՀՀ վաստակավոր նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը: 

Ծրագրի գլխավոր ճարտարապետ Ազատ Շիշմանյանի խոսքով`  իրենք   փորձելու են համադրել ժամանակակիցն ու հինը:  Ցանկանում են վերականգնել քաղաքի այն հատվածը, որը մոռացության է մատնված, բայց կարող է մարդկանց գրավել քաղաքի առօրյա մշակութային կյանք:  Նա շեշտեց, որ կենտրոնի ամբողջական կառուցման համար կպահանջվի երկու տարի: 

«Գյումրին արժանի է մշակութային կենտրոն համարվել: Հույս ունենք, որ այն նոր կյանք կստանա: Շուտով  Եվրամիությունը ՀՀ կառավարության հետ համաձայնագիր է ստորագրելու, որը ստեղծարար ինդուստրիաների բաղադրիչ ունի: Կհայտարարվեն մրցույթներ, որոնք կնպաստեն մշակութային կյանքի զարգացմանը: Գյումրին կարող է հայտ ներկայացնել մրցույթներին մասնակցելու համար և ցույց տալ, որ ունի պոտենցիալ և կարող է լինել Հայաստանի մշակութային քաղաք»,-ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: 

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև ծրագիրն իրականացնող «Բալետ 2021» հիմնադրամի տեսլականը և զարգացման ուղին ներկայացնող լուսանկարների ցուցահանդես: 

«Կատարողական արվեստի Խառատյան փորձարարական կենտրոն, Գյումրի» ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին:  Այն Եվրոպական միության ենթադրամաշնորհի միջոցով իրականացնում է «Բալետ 2021» հիմնադրամը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]