Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսին

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնն այս տարի 
կանցկացվի օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի մնջախաղի պետական թատրոնը հեռանկարում թատերասերներին կներկայանա «Պիեռոյի երազը» նոր բեմադրությամբ, իսկ օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում կանցկացնի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց  թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը արվեստի վաստակավոր գործիչ:

«Ներկայացման գաղափարի մասին խոսել եմ տարիներ առաջ: Միտքն առաջացել էր 2015 թվականին «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերից հետո:  Գլխավոր հերոսը` Պիեռոն, ակտիվիստ է: Հետաքրքիր են նաև լրագրողի, ոստիկանի, երիտասարդ ինքնասիրահարված աղջնակի կերպարները:  Ժամանակակից կոմիկական, լիրիկական կատակերգություն պետք է լինի: Երաժշտությունը գրում է Արամոն, գործիքավորելու է Մադաթ Ավանեսովը»,-ներկայացրեց Դադասյանը:

Նա ընդգծեց, որ ներկայացման և փառատոնի իրականացման համար մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության դրամաշնորհային մրցույթին: «Ստացել ենք դրամաշնորհները: Փառատոնի համար տրամադրվել է 16 մլն դրամ, իսկ բեմադրության համար`6 մլն 700 000 դրամ: Ներկայացումը կյանքի կոչելու համար գումարը բավարար է, բայց փառատոնի համար` ոչ: Համագործակցության առաջարկով դիմում եմ մեր պոտենցիալ հովանավորներին. փառատոնի շրջանակում իրականացվող շատ լավ ծրագրեր ունենք, և եթե  լինեն ցանկացողներ, սիրով կհամագործակցենք տարբեր կազմակերպությունների հետ»,- շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Դադասյանը հիշեցրեց, որ նախկինում փառատոնը երկու տարին մեկ էր անցկացվում, այնուհետև դարձավ ամենամյա: «Այժմ կրկին երկու տարին մեկ պետք է անցկացվի: Հնարավոր է` երկու տարի հետո դիմենք դրամաշնորհի համար ու չստանանք այն»,-ասաց նա:

Անդրադառնալով  թատրոնի 45-ամյակին, որը նշվում է այս տարի, թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ նախատեսում էին այն տոնել թատրոնի նոր շենքում, բայց նախորդ տարի երկրում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում բազմաթիվ ծրագրեր փոխվեցին: «Մեզ առաջարկեցին թատրոնի համար նոր տարածք Մոսկովյան, 5 հասցեում գտնվող շենքում, որը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Շենքը շատ հարմար է գործունեություն ծավալելու համար, եթե այնտեղ համապատասխան վերակառուցում իրականացվի` բեմ կառուցվի, դահլիճ և այլն: Մինչ օրս թղթարարության հարցեր կան, դեռ քննարկումներ են ընթանում»,-նշեց Դադասյանը:

Նրա խոսքով` դպրոցականներին մնջախաղի ժանրը ավելի սիրելի դարձնելու նպատակով թատրոնը համագործակցում է դպրոցների հետ:

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել մի քանի դպրոցի հետ: Իրականացնում ենք ցերեկային ներկայացումներ: Մինչ բեմադրության սկիզբը պատմում ենք մնջախաղի ժանրի, թատրոնի  ազգային արմատների մասին: Մնջախաղը և տիկնիկայինը հայկական ազգային թատերական ժանրեր են»,-ընդգծեց Դադասյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]