Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք  է մատուցել պետական, քաղաքական գործիչ, 2000-2007 թվականներին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահի հետ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն են այցելել նաև Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը և այլք:

Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ.-ի հունիսի 12-ին Երևանում: 1967-1972թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում` հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում: 1972-74թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, որպես գիտաշխատող, ավագ ինժեներ: 1977-78թթ.Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ գլխավոր ինժեներ: 1978-79թթ.Էլեկտրատեխնիկական գործարանում՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ: 1979-90թթ. Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում՝ էլեկտրոնիկայի բաժնի վարիչ: 1990-94թթ. Հատուկ ծրագրերի պետական վարչությունում՝ ինֆորմացիայի բաժնի ղեկավար: 1994-95թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ կրտսեր գիտաշխատող: 1995-1999թթ. Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 1999թ.-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը: 

2000-2007թթ. եղել է ՀՀ վարչապետ:

2003թ. ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը:
2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից: Քաղաքականությամբ զբաղվել է 1965թ - ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:
1992թ-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, 1993-1997 և 1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ: 1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:
1998 թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան», «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]