Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մարզային բուժհաստատություններում մոտ 200 թափուր աշխատատեղ կա. պետությունը մայրաքաղաքի բժիշկներին ժամանակավորապես կուղեգրի մարզեր

Մարզային բուժհաստատություններում մոտ 200 թափուր աշխատատեղ կա. 
պետությունը մայրաքաղաքի բժիշկներին ժամանակավորապես կուղեգրի մարզեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզային բուժհաստատություններում բժիշկ-մասնագետների պահանջարկ կա, մի շարք հաստիքներ թափուր են մնում: Առողջապահության նախարարությունը նոր ծրագրով Երևանի բուժհաստատությունների բժիշկներին ժամանակավորապես կուղարկի մարզային հիվանդանոցներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեցին փոխնախարարները:

«Մարզերի բժշկական հաստատություններում մոտավորապես 200 թափուր աշխատատեղ ունենք: Հիմնական թափուր տեղեր կան անեսթեզիոլոգների, ռեանիմատոլոգների համար: Մենք այդ տեղեկատվությունն օգտագործում ենք, որպեսզի պլանավորենք կլինիկական նպատակային օրդինատուրայի տեղերի հատկացումը: Կլինիկական նպատակային օրդինատուրայի տեղերը, որոնք հատկացվում են առողջապահության նախարարությանը, բավականին ավելացել են, նախորդ տարի ունեցել ենք 49 տեղ: Սակայն դա բավարար չէ, որ մեր մարզային բոլոր թափուր տեղերը լրացնենք: Այդ օրդինատորները պայմանագրեր են կնքում նախարարության հետ, ավարտելով՝ ուղեգրվում են այն մարզը, որտեղ առկա է այդ մասնագիտության թափուր տեղը, և հինգ տարի աշխատում են այնտեղ»,-ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մեկ այլ ծրագիր ևս ունեն, որով Երևանի բժշկական հաստատություններում աշխատող բժիշկներին մինչև երեք ամսով ուղեգրելու են թափուր տեղեր:

Փոխնախարար Արսեն Դավթյանը տեղեկացրեց, որ դրա համար Երևանի որոշ բժշկական կազմակերպությունների միջև կնքվելու է քառակողմ պայմանագիր, որով տվյալ բժիշկ-մասնագետն ուղեգրվելու է մարզային բժշկական կազմակերպություն՝ աշխատանքի: «Նշված ժամանակում պահպանվում է ինչպես հիմնական աշխատանքի վայրում տրվող աշխատավարձը, այնպես էլ բժիշկը լրացուցիչ աշխատավարձ է ստանում նաև մարզային կազմակերպություններում, փոխհատուցվում է նաև գիշերակացը»,- նշեց նա:

Փոխնախարարի խոսքով` պոլիկլինիկաների հիմնական թերակատարումները կապված են հենց մարզերում մասնագետների բացակայությամբ, մարզերում կադրային ներուժի ցածր մակարդակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]