Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

UWC-ի ուսանողները կստեղծեն մարդասիրական նախագծեր

UWC-ի ուսանողները կստեղծեն մարդասիրական նախագծեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Ավրորան»՝ UWC ցանցի դպրոցներին» նախագծի հայտերի  ընդունումն սկսված է:  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, այն հնարավորություն է տալիս UWC ցանցի դպրոցների եւ քոլեջների ուսանողներին մշակել նախագծեր, որոնք կառաջարկեն մարդասիրական լուծումներ եւ դրական փոփոխություն կապահովեն համայնքներում: Նախագիծն իրագործելու համար հաղթող թիմը կստանա 4,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ: «Երիտասարդական Ավրորա» նախագիծը «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC), Scholae Mundi կրթական հարթակի,  Teach for All կրթությունը խթանող ցանցի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համագործակցության արդյունքն է:   

Նախագիծն իրականացվում է երրորդ տարին անընդմեջ, որին մինչեւ հիմա մասնակցել են
17 քոլեջ եւ դպրոց: Նախկինում ներկայացված նախագիծ-հայտերով առաջարկվել են մարդասիրական ամենատարբեր հրատապ հիմնախնդիրների լուծումներ այն երկրների համար, որտեղ գտնվում էին մասնակից ուսանողների քոլեջներն ու դպրոցները, ինչպես օրինակ՝ Սվազիլենդը, Գերմանիան, Հնդկաստանը եւ Չինաստանը:  

2019թ. ընտրությունը կավարտվի ապրիլի 19-ին: Մրցույթի վերջնական փուլին կմասնակցի երեք թիմ, որոնք Հայաստան կժամանեն եւ այստեղ կլինեն հոկտեմբերի 16-20-ը «Ավրորա» ֆորումին: Հաղթող թիմը կստանա 4,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ, իսկ մյուս երկու թիմերից յուրաքանչյուրը՝ 500 ԱՄՆ դոլար: «Երիտասարդական Ավրորային» մասնակցության հայտ ներկայացրած բոլոր թիմերի հետ կաշխատեն փորձագետները՝ UWC շարժման եւ Teach for All ցանցի միջոցով:

«Այս նախագիծն իրականացնողները հավատում են, որ մարդասիրական արժեքների համաշխարհային ճգնաժամի պայմաններում կարեւոր է երիտասարդներին համակել ոգեշնչող օրինակներով: UWC-ի կրթական մոդելը միայն գիտելիք տալու մասին չէ, այն նաեւ կրթում է ապագա առաջնորդների՝ նրանց փոխանցելով մարդասիրական ուժեղ արժեքներ, ձեւավորում է առաջնորդների, որոնք հոգ կտանեն իրենց համայնքների եւ, ընդհանրապես, հասարակության մասին: «Երիտասարդական Ավրորան» հնարավորություն է տալիս նրանց, գործի դնելով իրենց գիտելիքը, հմտությունները եւ ձգտումները, մշակել եւ իրագործել հատուկ ծրագրեր, որոնք կունենան չափելի ազդեցություն: Այն խրախուսում է երիտասարդներին՝ փոփոխություն բերել եւ հասարակության մեջ դրական դերակատարներ դառնալ վաղ տարիքից»,- ասաց UWC Դիլիջան միջազգային դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ եւ «Scholae Mundi»-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

Առաջարկվող նախագծերը գնահատում է հարգարժան մարդկանցից ձեւավորված Ընտրող հանձնաժողովը, որի կազմում են ձեռներեցներ, բարերարներ եւ համաշխարհային առաջնորդներ:  Յուրաքանչյուր նախագիծ գնահատելիս հաշվի է առնվում դրա յուրօրինակությունը, կայունությունը, հետազոտության որակը, ազդեցության ներուժը, նվիրվածությունը եւ ինքնաանդրադարձումը (որքանո՞վ են խմբի անդամներն իրենց դերն ընկալում մարդասիրական նախագիծ ստեղծելիս):

««Ավրորա» մարդասիրական նախագծի առաքելությունն է՝ աջակցել ուսանողների նախագծերին, որոնք առաջարկում են լուծումներ եւ կայուն մոտեցում համապատասխան խնդիրների համար: Ոչ ոք անտարբեր չպետք է լինի ուրիշների տառապանքների նկատմամբ, եւ «Ավրորայի» ոգին սովորեցնում է այս երիտասարդներին, որ նրանք կարո՛ղ են եւ պե՛տք է, որքան նրանց ուժերը ներում են, օգնության ձեռք մեկնեն կարիքի մեջ գտնվողներին: Ընդհանրապես, կրթությունը կարեւոր է, իսկ այս դասը կարող է ամենաարժեքավորներից մեկը դառնալ»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան:

«Չափազանց ուրախ ենք, որ UWC-ի ուսանողներն ամբողջ աշխարհում եւս մեկ անգամ կընդունեն մարտահրավերը եւ «Ավրորա» մարդասիրական նախագծի միջոցով էական փոփոխություն կբերեն: «Երիտասարդական Ավրորան» լավ հնարավորություն է մեր ուսանողների համար՝ «զարգացնելու մարդասիրական մկանները» եւ իրենց ստացած կրթությունը գործի վերածելու: Նորից եւ նորից իդեալիզմի, անձնուրաց լիդերության եվ կարեկցանքի միջոցով UWC-ի ուսանողներն իրենց օրինակով ցույց կտան, թե ինչ է նշանակում ապրել՝ համաձայն UWC-ի առաքելության»,- ասաց UWC International-ի  գործադիր տնօրեն Յենս Ուոլթերմանը:

2018-ին հաղթող էր ճանաչվել «HOPE» նախագիծը, որը մշակել էին UWC Չանգշու Չինաստանի ուսանողները: «HOPE»-ը ստեղծվել էր երեխաների նկատմամբ սեռական բռնությունը կանխելու համար՝ տրամադրելով դասընթացներ Չանգշուի եւ դրան հարակից տարածքներում գործող դպրոցներում եւ առցանց, երեխաներին եւ ուսուցիչներին սովորեցնելով, թե ինչպես պայքարել սեռական բռնության դեմ եւ կանխել այն:

 

***

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

Այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, որոնք մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ցանկացած տեղ, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) աջակցել մարդկանց, որոնք վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր:

«Միացյալ աշխարհի քոլեջներ» (UWC)

UWC-ն համաշխարհային կրթական շարժում է, որի առաքելությունն է կրթությունը վերածել մարդկանց, ազգերը եւ մշակույթները միավորող ուժի՝ հանուն խաղաղության եւ կայուն ապագայի: UWC-ի հիմնարար միտքը հավատն է, որ կրթությունը կարող է միավորել ցանկացած կենսափորձով երիտասարդների` հիմնվելով նրանց փոխադարձ մարդկային հատկանիշների վրա, ներգրավել նրանց հասարակական փոփոխությունների հնարավոր գործընթացում՝  խիզախ քայլերի, անձնական օրինակի և անձնուրաց լիդերության միջոցով: Այս ամենին հասնելու համար UWC դպրոցներն ու քոլեջներն ամբողջ աշխարհում առաջարկում են մարտահրավեր նետող եւ վերափոխման տանող կրթական փորձ՝ իրարից գիտակցորեն տարբեր երիտասարդներին ոգեշնչելով դառնալ դրական փոփոխության առաջամարտիկներ:

 

Scholae Mundi

Scholae Mundi հարթակի նպատակն է առաջ մղել կրթության ասպարեզի առավել ժամանակակից մոտեցումները, ինչը հեռանկարում սոցիալական փոփոխություններ
կխթանի ամբողջ աշխարհով մեկ։ Մենք երիտասարդներին հնարավորություններ ենք ընձեռում՝ զարգացնելու գիտելիք, հմտություններ եւ համընդհանուր բարոյական ու էթիկական արժեքներ, որոնք ամբողջ կյանքում ուղենիշ կլինեն նրանց։ Գործընկերների հետ միասին ձեռնարկում ենք զանազան նոր կրթական հարթակներ։

 

Teach for All

Teach for All-ը 49 անկախ, տեղական գործընկեր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող համաշխարհային ցանց է, որի առաքելությունն է ընդլայնել բոլոր երեխաների կրթական հնարավորությունները: Յուրաքանչյուր գործընկեր նպատակ ունի ներգրավել եւ զարգացնել տարբեր շրջանավարտների եւ մասնագետների՝ ձեւավորելով երկամյա պարտավորությամբ առաջնորդների համայնք, որի անդամենրը կդասավանդեն իրենց երկրներում այնտեղ, որտեղ ամենաշատը կա դրա կարիքը: «Teach for All»-ն խթանում է գործընկերների առաջընթացը եւ մեծացնում  նրանց ազդեցությունը՝ գիտելիքի հավաքման եւ փոխանակման միջոցով, հեշտացնելով կապերն ընդհանուր ցանցում եւ համաշխարհային ռեսուրսները դարձնելով հասանելի՝ ի շահ բոլորի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]